Աճող աղքատության ֆոնին Հայաստանի կառավարությունը ավելի ու ավելի շատ վարկեր է վերցնում: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի իշխանության տարիներին երկրում աղքատությունն աճել է 10 տոկոսով, իսկ բնակչությունը՝ նվազել 200 հազարով: Սարգսյան-Սարգսյան թիմը դրան պատասխանում էր. «եթե մենք վարկեր չվերցնեինք, ավելի վատ էր լինելու»: Ինչ սպասել Սարգսյան-Աբրահամյան թիմից: Իմ կարծիքով, բացատրությունը բոլորովին այլ տեղ է: Դա այն գինն է, որը Հայաստանի իշխանությունը վճարել է, որպեսզի երկրում հեղափոխություն չլինի: Բայց դրա համար էլ ենք մենք վճարում, ՀՀ քաղաքացիներս»,-ընդգծել է Փաշինյանը:
Նա նշել է, որ 2020 թվականին Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման ծախսերը կաճեն մինչեւ 1 մլրդ 50 մլն դոլար, այն դեպքում, երբ 2010-ին այն կազմել է ընդամենը 90 մլն դոլար:





























