Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ 10-ամյա Դավիթ Դավթյանը 2013թ. օգոստոսի 23-ին պատահաբար ընկնում է և ուշագնաց լինում: Ծնողները Դավիթին ծայրահեղ ծանր վիճակում հասցնում են Երևանի Ս. Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ հետազոտություններից հետո ախտորոշվում է պոլինեյրոպաթիա, որն ախտահարում է օրգանիզմի պերիֆերիկ և գանգուղեղային նյարդերը: Տիկին Ռուզաննան՝ Դավիթի մայրը, NEWS.am-ին պատմեց, որ տղայի հիվանդությունը մրսածության և թաքնված թոքաբորբի արդյունք է. երեխան 4 ամիս մնացել է վերակենդանացման բաժանմունքում, ստացել արհեստական շնչառության:

«Դավիթի վիճակն էնքան վատ էր, հույս չկար, որ կապրի, նրա մարմնի ոչ մի հատված չէր շարժվում, բացառությամբ հոնքերի, առանց ապարատի էլ չէր շնչում, բայց փառք Աստծո, չորս ամիս հետո տղաս կարողացավ ինքնուրույն շնչել, կարելի է ասել, հրաշք կատարվեց, ու նա ողջ մնաց»,-պատմեց տիկին Ռուզաննան:

Բժիշկների խոսքով տարեկան այս հիվանդության 3-4 դեպք է գրացվում, բայց Դավիթի դեպքը եզակի էր իր ծանրությամբ:

Վերակենդանացման բաժանմունքից տղային տեղափոխում են նյարդաբանական բաժանմունք, որտեղ 3 ամիս բուժում ստանալուց հետո դուրս է գրվում: Սակայն Հրազդանի  բնակլիմայական պայմանները երեխայի շնչառության վրա  բացաբար են ազդում, ծնողները նրան տեղափոխվում են Էջմիածին, որոշ ժամանակ անց վերադառնում:

Այսօր Դավիթի ձեռքերն արդեն նորմալ աշխատում են, անգամ կարողանում է գրիչ վերցնել, սակայն ոտքերը չեն շարժվում: Բժիշկները ծնողներին ասել են, որ տղան վերականգնողական կուրսեր պիտի անցնի, որը կտևի  6 ամսից 1 տարի, նրա դեպքում՝ գուցե ավելի շատ:

«Դավիթը պիտի հաճախի Նորագյուղի վերականգնողական կենտրոն շաբաթական 3 անգամ: Ճիշտ է՝ վերականգնողական կուրսերն անվճար են, բայց ամեն օր որդուս տանել-բերելը ֆինանսապես դժվարություններ է ստեղծում, այնտեղ մնալը՝ նույնպես: Չգիտեմ՝ ոնց անեմ, բայց հույսս չեմ կտրում, որ  կկարողանանք կուրսերի հաճախել, իսկ հետո որդիս կկարողանա քայլել»,-NEWS.am-ին ասաց Դավիթի մայրը:

Հիվանդության պատճառով Դավիթը մեկ տարի հետ է մնացել իր դասերից, կարատեի խմբակ հաճախելուց, իսկ մայրը՝ ստիպված ազատվել աշխատանքից, որ խնամի որդուն: Նախկինում շատ աշխույժ, կենսասեր Դավիթն այսօր  ընկճված է, անգամ ընկերներին չի ուզում տեսնել, չի օգտվում անվասայլակից, բայց երազանքներ ունի՝ շուտ ապաքինվել, քայլել ու դառնալ  բժիշկ: