Հայաստանի ողջ պատմության մեջ աննախադեպ օրենսդրական փաթեթ է ընդունվել, որով մեր ուսանողների համար ստեղծվում են կայուն սոցիալական երաշխիքներ եւ բարձրագույն կրթության առավել ընդծված մատչելիություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նա մասնավորապես գրել; է.
«Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 9-ին, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Հիշեցնեմ, որ սա Հայաստանի ողջ պատմության մեջ աննախադեպ օրենսդրական փաթեթ է, որով մեր ուսանողների համար ստեղծվում են կայուն սոցիալական երաշխիքներ եւ բարձրագույն կրթության առավել ընդծված մատչելիություն:
Թվարկեմ օրենքների ընդամենը մի քանի դրույթներ`
ա. Կառավարության կողմից բուհերի ուսման վարձերի վերին շեմ կսահմանվի:
բ. Պետական բուհերն իրենց հատկացված անվճար տեղերի տաս տոկոսի չափով պարտավոր են տրամադրել անվճար կրթություն` պետության համար գերակա համարվող մասնագիտություններով:
գ. Բուհերի բյուջեների առնվազն յոթ տոկոսը պետք է ուղղվի ուսանողական զեղչերին:
դ. Օրենքով երաշխավորվում են ֆիքսված ուսանողական զեղչեր սոցիալապես խոցելի խմբերի համար:
ե. Այս ամենը կգործի լավ առաջադիմություն ունեցող ուսանողների համար:
Եվս մեկ կարեւոր քայլ կատարեցինք, որպեսզի ոչ մի լավ սովորող ուսանող չզրկվի բարձրագույն կրթության հնարավորությունից:
Օրենքի մանրամասներին առաջարկում եմ ծանոթանալ նրանց հրապարակումից հետո:
Հ.Գ. Խնդրում եմ տարածել, որպեսզի մեր ուսանողներն առավել տեղեկացված լինեն իրենց իրավունքների եւ նոր հնարավորությունների մասին:





























