Ջրվեժի Մայակ թաղամասի թիվ 27 շենքի 6-րդ հարկի պատշգամբից հունիսի 8-ին վայր ընկած 25-ամյա Մարինա Պողոսյանն այսօր՝ հունիսի 9-ին, հիվանդանոցում մահացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից:
Նշենք, որ աղջիկը հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 8-ին, ժամը 18:00-ի սահմանում: Նրան հիվանդանոց էին տեղափոխել փրկարարները, որոնք ահազանգ էին ստացել, որ վերոհիշյալ շենքի բակում երիտասարդ աղջիկ է ընկած:
Աղջիկը հիվանդանոցում գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, ուներ ներքին արնահոսություն:
Շենքի բնակիչները NEWS.am-ին հայտնել են, որ 25-ամյա Մարինան սովորել է թիվ 187 դպրոցում, ապա ուսումը շարունակել «Շիրակացի» քոլեջում: Նա ավարտել է Բժշկական համալսարանը: Հարեւանների խոսքով՝ Մարինան իր ուժերով է ընդունվել համալսարան եւ սովորել անվճար: Նրանք քիչ հավանական են համարում, որ աղջիկը ինքնասպանության փորձի դիմեր:





























