Հունիսի 27-28-ին Կամենց-Պոդոլսկում տեղի կունենան Ուկրաինայի հայերի միության եւ ՀԱԵ-ի Ուկրաինայի թեմի կազմակերպած մի շարք միջոցառումներ: Հունիսի 27-ին տեղի կունենա ՈՒՀՄ-ի խորհրդաժողով, որտեղ քննարկվելու են մի շարք կարեւոր հարցեր, 2014 թ. III եռամսյակի ՈՒՀՄ-ի ծրագրերը, ինչպես նաեւ մարզային կազմակերպությունների վերաբերյալ հարցեր, փոխանցում է AnalitikaUA.net-ը:

Հունիսի 28-ին տեղի է ունենալու Սուրբ Նիկոլայ եկեղեցական համալիրի հայկական եկեղեցու` Սուրբ Ստեփանոս վանքի օծումը:

Միջոցառումներին սպասվում է իշխանության, մտավորականության եւ հոգեւորականության ներկայացուցիչների, մարզային հայ համայնքների ղեկավարների եւ Ուկրաինայի հայ երիտասարդական միության ներկայացուցիչների ներկայությունը:
Հայտնի է, որ 30-ականներին տաճարը պայթեցվել էր: Սուրբ Ստեփանոսի զանգակատունը հրաշքով չէր վնասվել եւ հայ ճարտարապետության բացառիկ հուշարձան է:

Այս տարի տաճարը վերադառնում է հայ հոգեւոր համայնքին:

Հիշեցնենք, որ այս տարի լրանում է Հայկական Տիրամոր սրբապատկերի տոնի 223 տարին: Տոնը հաստատվել է 1791 թ. հունիսի 27-ին` հայ արքեպիսկոպոս Հակոբ Թումանովիչի կողմից Կամենց-Պոդոլսկի սուրբ Նիկոլայ եկեղեցու օծման օրը: 
Հայկական Տիրամոր հայտնի սրբապատկերը պահվում է Բոգդան եւ Վարվարա Խանենկոների անվան Կիեւի արվեստների թանգարանում:

Ավելի վաղ նշվել էր, որ եկեղեցիների կառուցումը, վերականգնումը եւ պահպանումը Ուկրաինայի հայկական սփյուռքի հիմնական ուղղություններից մեկն է: Ըստ ՈՒՀՄ-ի ղեկավար Վիլեն Շատվորյանի` հայկական սովորությունների համաձայն եկեղեցին ոչ միայն հոգեւոր կենտրոն է, այլ կատարում է նաեւ մշակութային կենտրոնի դեր: