Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Իսրայելի վերջին գործողությունների եւ Գազայի հատված անհրաժեշտ օգնություն ուղարկելու հետ կապված հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի իր գործընկեր Հոսնի Մուբարաքի հետ:
Թուրքական Ihlassondakika-ի փոխանցմամբ` եգիպտական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Մուբարաքը իր ցավակցությունն է հայտնել Իսրայելի զինուժի կողմից Գազայի հատված օգնություն տանող նավերի վրա հարձակման ժամանակ սպանված թուրքերի համար եւ տեղեկացրել Գյուլին, որ Եգիպտոսը որոշում է կայացրել բացել Գազայի հետ ունեցող Ռեֆահի սահմանակետը` հումանիտար օգնության համար: Թուրքիայի նախագահը նշել է, որ Եգիպտոսի հիշյալ որոշումը գոհունակությամբ է ընդունվել թե՛ Թուրքիայի, թե՛ միջազգային հանրության կողմից:

























