«168 ժամ» թերթը գրում է. ««168 ժամի» տեղեկություններով` «Արդշինինվեստբանկը» վաճառել է նախկին մահուդի գործարանը, որը նույն «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ն է։

Այս ընկերության հետ է կապված «Նաիրիտի» թալանի մութ պատմությունների շղթաներից մեկը: «Հետք» պարբերականը բացահայտել էր, թե «Նաիրիտի» նախկին տնօրեն, ներկայումս տնօրենների խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանի որոշմամբ՝ 2009-ին գործարանն ինչպես էր ԱՊՀ Միջպետական բանկից 9.4 մլն դոլար վարկ վերցրել ու գնել նույն ԱՊՀ Միջպետական բանկում գրավադրված «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 97 %-ը: Այս գործարքը գործարանի հաշվետվություններում հիմնավորվել էր՝ իբրեւ իրացման նպատակով ձեռք բերված բաժնետոմսեր: Ընդ որում` այդ ժամանակ «Նաիրիտն» արդեն գրեթե չէր աշխատում եւ ուներ լուրջ ֆինանսական խնդիրներ:

«Հետքը» նաեւ բացահայտել էր, որ «Մեգատեքս գրուպ» ընկերությունը Վահան Մելքոնյանի եւ նրա հարազատների սեփականությունն էր: Այնուհետեւ «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ն գրավադրված էր «Արդշինինվեստբանկում»՝ 900 հազար դոլարի դիմաց: Մելքոնյանի հասցեին մեղադրանքներ էին հնչում, որ մոտ 10 մլն դոլարանոց գործարանը վաճառել էր 1 մլն-ով, իսկ Մելքոնյանն արդարանում էր, թե այն ընդամենը գրավադրված է, եւ «Նաիրիտը» ետ է վերցնելու:
Սակայն մեր հավաստի աղբյուրները պնդում են, որ գործարք է տեղի ունեցել, եւ սեփականատերը փոխվել է: Բայց ուշագրավն այն է, որ ըստ նույն աղբյուրների, «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ի տնօրենը չի փոխվել: Նա Գարիկ Նազարյանն է, ով Վահան Մելքոնյանի վստահելի մարդն է: Կարելի է ենթադրել, որ, ձեւակերպված գործարքի արդյունքում «Մեգատեքսը» կրկին անցել է Վահան Մելքոնյանին, այսինքն՝ «Նաիրիտի» տնօրենների խորհրդի նախագահն այն վաճառել է ինքն իրեն»»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում