Կոմիտաս 5ա եւ հարակից շենքերի բնակիչներիս ՀՀ վարչապետին 26.05.2014թ. ուղղված նամակին տրված պատասխանը մեզ եւս մեկ անգամ հիշեցրեց Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» տխուր պատմվածքն ու Արթին պապին: Այս մասին նշված է Կոմիտաս 5 հասցեի բնակիչների՝ կառավարության գրության ուղղված պատասխանում:
Բնակիչների նամակում նաեւ ասվում է.
«Լավ կլիներ, որ կառավարության եւ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության այսպես կոչված պետական այրեր պաշտոնյաները եւս ամենատարրական կյանքի բնական իրավունք ունենալուց զրկված հասարակ մարդուն հասկանալու համար հիշեին այդ պատմվածքը, եթե իհարկե նրանք կարդացել են դա:
ՀՀ կառավարության անունից տրված այդ պատասխանը մերկապարանոց հայտարարությունների շարան է, որը եւս մեկ անգամ վկայում է այն, մեղմ ասած ցավալի իրողությունը, որ մեր չինովնիկների մեծ մասը բացի իրենց անհագուրդ ու անվերջանալի ախորժակն ու սեփական շահերը սպասարկելուց, ոչ մի այլ բանի ընդունակ չեն:
Խոսենք պատասխանում նշված իրականության հետ ոչ մի կապ չունեցող եւ ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության կողմից իբր թե ուսումնասիրված տխրահռչակ ու սուտ 9 փաստարկների մասին, դրանց կապակցությամբ ներկայացնելով հիմնավորված եւ պաշտոնական փաստաթղթերով ապացուցված փաստեր:
«Հարկայնության նվազեցման եւ էլեկտրաքարշի ենթակայանի տեղափոխման» բնակիչների պահանջը այդ չինովնիկների տրամաբանությամբ առավել վտանգի աղբյուր հանդիսացող էլեկտրաքարշի ենթակայանը սեփական բնակարաններին մոտեցնե±լն է, սեփական լույսը կտրե±լը, թե սեփական առողջությանը վնաս տա±լը: Ինչ վերաբերում է հարկայնության՝ նախագծով նվազեցմանը, ապա դա ոչ միայն օգուտ չի տվել, այլ ողջ տարածքը լայնքով ու երկայնքով բետոնապատելու, կանաչ տարածքից եւ տնկված ծառերից զրկելու, կառուցվող շենքի պատուհաններն ու պատշգամբները բնակիչների «քթի տակ դնելու» ու այդ շենքի սեփականատերերի շահույթն ավելացնելու հնարավորություն է ապահովել: Մանավանդ որ կառուցապատողը վերահսկողության բացակայության մեր իրողության պայմաններում, խախտելով շինարարական ու տեխնիկական բազմաթիվ նորմերի պահանջները, ինքնագոհ շենքը կառուցում է այնպես եւ այն չափով, ինչն իրեն է ձեռնտու՝ էլեկտրաքարշի ենթակայանին գրեթե կպած, մինչդեռ նախագծով սահմանված է 4.1 մետր հեռավորություն, ուստի եթե անգամ Կոմիտաս 5ա շենքից 2.5 մետր հեռու լիներ, ինչպես անպատասխանատու ձեւով նշվել է ՀՀ կառավարության պատասխանում, ապա դա եւս հակասում է նախագծին, էլ չենք խոսում այն մասին, որ ըստ ՍՆԻՊ 02.07.01.89-ի այն պետք է լինի ոչ պակաս, քան 10 մետրը:
Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե «տարածքը չի հանդիսանում ընդհանուր օգտագործման եւ պարսպապատված է եղել եւ հանդիսացել է էլեկտրաքարշի ենթակայանի սպասարկման տարածք», չի նշանակում, որ ով ինչպես ուզի, պետք է այդպես վարվի վարձակալության տրվի եւ թույլատրվի բազմաբնակարան շենք (ավտոկայանատեղով ու ռեստորանով) կառուցվի կես դարից ավելի այդ տարածքում ապրող շուրջ 150 բնակարանի բնակիչների կենսապայմանների, նյարդերի ու առողջության հաշվին: Պետք է հասկանալ, որ տասնամյակներ առաջ հենց այնպես չէ, որ պահպանելով տեխնիկական կանոնակարգերի պահանջները էլեկտրաքարշի ենթակայանը տեղադրվել է պարսպապատված ու սահմանված նորմերի պահպանմամբ՝ այդ տարածքի կենտրոնում:
Ի դեպ, նշենք եւ այն փաստը, որ կառուցապատողը, ըստ փաստաթղթերի, տարածքի նկատմամբ ունի ոչ թե սեփականության, ալ վարձակալության իրավունք:
Ակնհայտ սուտ է նաեւ պատասխանում նշված լիազոր մարմինների կողմից տրված դրական եզրակացությունը: ՀՀ ԱԻՆ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պատասխանն է. «Պահանջվում է ապահովել կառուցվող շենքի ցանկացած բնակարանին հրշեջ ավտոսանդուղքի մոտեցման համար 5-8 մետր հեռավորության վրա 3.5 մետր լայնությամբ ճանապարհ», «Շինարարության ընթացքում ապահովել շենքերի եւ շինությունների միջեւ նորմերով պահանջվող հակահրդեհային միջտարածությունները», մինչդեռ կառուցվող շենքը Կոմիտաս 3 եւ Կոմիտաս 7 շենքերից չունի այդ հեռավորությունը, իսկ Կոմիտաս 5ա շենքին էլ զրկում է արտակարգ իրավիճակների դեպքում որեւէ օգնության հնարավորությունից:
Պատասխանում նշված «ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 08.11.2012թ. մի խումբ բնակիչների կողմից կառուցապատողին ներկայացրած վնասների հատուցման պահանջը մերժվել է» հայտարարությունը եւս ակնհայտ սուտ է, քանի որ 08.11.2012թ. դատական ակտը վերաբերում է ոչ թե բնակիչների դրամական պահանջին, այլ հակառակը՝ կառուցապատողն է բնակիչներին ներկայացրել 40.600 ԱՄՆ դոլար վնասների փոխհատուցման դրամական պահանջ, ընդ որում ոչ թե ՀՀ վճռաբեկ, այլ ՀՀ վարչական (առաջին ատյանի) դատարանին, ուստի մերժվել է ոչ թե բնակիչների, այլ կառուցապատողի ծիծաղելի պահանջը: Ի դեպ, բնակիչների հայցերից միայն մեկն է հասել ՀՀ վճռաբեկ դատարան, որը բավարարվել է):
(03.02.2012թ. , գործ N ՎԴ /3902/05/11/2012 թ. որոշմամբ՝
Եթե ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության պաշտոնյաները դատական ատյաններն ու որոշումները միմյանցից տարբերել չեն կարող (իհարկե երեւի ցանկություն էլ չունեն), էլ ի±նչ ասենք: Նույն այդ պաշտոնյաները պետք է հասկանան նաեւ, որ շուրջ 2 տասնյակ ծառեր (այդ թվում բարդիներ) կտրած կառուցապատողի համար 130.000 դրամ տուգանքի վճարումը մի գրոշ էլ չարժե:
Կոմիտաս 5-ի տարածքի բնակիչներ
Հ.Գ. Հետաքրքրված ու շահագրգիռ լրագրողներին.
Պատրաստ ենք մեր ներկայացրած բոլոր փաստերն ու ապացույցները (պաշտոնական փաստաթղթերը) տրամադրել Ձեզ:





























