Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը կֆինանսավորի  հայկական 3 ծրագիր: Հունիսի 3-5-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս.  Հարությունյանը եւ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել են Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) աշխատանքային հանդիպմանը, ինչպես նաեւ ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի եւ համակարգողների կոմիտեի 59-րդ նստաշրջանների աշխատանքներին:

ԿԳՆ գիտության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստերի ժամանակ տեղի են ունեցել քննարկումներ «ՄԳՏԿ գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագրի լրամշակված նախագծի, ՄԳՏԿ 2013 թ. բյուջեի ամենամյա հաշվետվության, ինչպես նաեւ ՄԳՏԿ 2014 թ. բյուջեի վերաբերյալ:

ՄԳՏԿ աշխատանքային հանդիպման շրջանակներում քննարկվել են ԱՊՀ անդամ պետություններում գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման արդի իրավիճակին եւ ակնկալվող հեռանկարներին նվիրված հարցեր: Քննարկումների ժամանակ Ս. Հարությունյանը հանդես է եկել ելույթով՝ «Հայաստանում հետազոտությունների եւ մշակումների ոլորտներում բարեփոխումները» թեմայով: Ելույթով հանդես է եկել նաեւ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, ով ներկայացրել է  Հայաստանի գիտության ներկա կարգավիճակը եւ գիտական քաղաքականության առաջնահերթությունները:

 ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի 59-րդ նստաշրջանի ընթացքում ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի նախագահ Ռոնալդ Լեմանը իր ելույթում անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում գիտության ոլորտում իրականացվող զգալի բարեփոխումներին: Ռ. Լեմանը հատկապես բարձր է գնահատել հայկական գիտական ներուժի ներդրումը ՄԳՏԿ կողմից իրականացվող ծրագրերում:

 59-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել նաեւ «ՄԳՏԿ գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագրի լրամշակված նախագծի քննարկումը եւ նախաստորագրումը: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը՝ որպես համաձայնագրի լրամշակող կողմի ներկայացուցիչ, մասնակցել է համաձայնագրի նախագծի նախաստորագրմանը:

ՄԳՏԿ կողմից 2014 թվականին դրամաշնորհի համար ներկայացված են եղել թվով 18 գիտական ծրագրեր՝ որոնցից ֆինանսավորման են երաշխավորվել 10-ը: Հայաստանի կողմից ներկայացված 3 գիտական նախագծերը (ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ)  երաշխավորվել են ֆինանսավորման՝ 414 135 եվրո եւ 180 000 ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջեով: Ֆինանսավորման են երաշխավորվել 2-ական գիտական նախագծեր՝ ներկայացված Վրաստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի եւ 1 գիտական նախագիծ՝ Ղազախստանի կողմից: Հայկական նախագծերի  իրականացման համար կհատկացվի ընդհանուր բյուջեի մոտ մեկ երրորդը:

Նստաշրջանի ընթացքում առաջարկվել է ՄԳՏԿ շրջանակներում այսուհետ ֆինանսավորել միայն այն ծրագրերը, որոնք համապատասխանում են Կենտրոնի կողմից որոշված հետեւյալ գերակայություններին.

1. Բժշկական գիտություններ,

2. Գյուղատնտեսական գիտություններ,

3. Էկոլոգիական անվտանգություն,

4. Ջրային ռեսուրսներ,

5. Կենսավառելանյութ եւ էներգետիկ անվտանգություն,

6. Նոր նյութեր,

7. Տիեզերք եւ տիեզերքի ուսումնասիրություն: