49-ամյա բրիտանուհու կյանքը գլխացավի պատճառով կտրուկ փոխվել է. հիմա նա ստիպված է ռասիստական վիրավորանքներ կուլ տալ: Բանը նրանում է, որ սուր նոպայից հետո Ջուլի Մատիասը սկսել է տարօրինակ ակցենտով խոսել:

Շատերին թվում է, թե նյարդաբանական ցավը տհաճ, բայց եւ առողջության համար սպառնալիք չներկայանող պատալոգիա է հանդիսանում, սակայն վերը հիշատակված օրինակով կարելի է վստահաբար ասել, որ գլխացավերը ուղեղի բջիջներին լուրջ վնաս են հասցնում, գրում է Mirror-ը:

49-ամյա բրիտանուհու պարագայում գլխացավն այնքան ուժեղ է եղել, որ, գիտակցութունը կորցնելով, գետնին է տապալվել եւ նույնիսկ որոշ ժամանակ խոսելու ընդունակությունը կորցրել, հաղորդում է FedPost.ru-ն: Իսկ երբ խոսել է` արդեն ֆրանսերենի ու չինարենի խառնուրդ հիշեցնող տարօրինակ ակցենտով: Երկարատեւ փորձերից հետո Ջուլին հասկացել է, որ ի վիճակի չէ բառերի արտասանությունը վերահսկել:

Ռասիստական վիրավորանքներից եւ տարօրինակ առոգանությունից հոգնած բրիտանուհին ի վերջո բուժօգնության է դիմել: Բժիշկները փոփոխություններին բացատրություն են գտել` հայտարարելով, որ նա «արտասահմանյան ակցենտի սինդրոմով» է տառապում:

Լեզվի ձայնային առանձնահատկությունների փոփոխությամբ բնութագրվող հիշյալ պատալոգիան ուժեղ գլխացավից եւ ինսուլտից հետո է ի հայտ գալիս` որպես ուղեղի ձախ կիսագնդի բջիջների թույլ կաթվածի արդյունք: Այն խիստ հազվադեպ պատահող հիվանդություն է: Այնուամենայնիվ, փաստը, որ աշխարհում «արտասահմանյան ակցենտի սինդրոմով» տառապող ընդամենը 60 մարդ կա, չի կարող առանձնակի ուրախացնել բրիտանուհուն: