«Դանդի Փրիշս Մեթալս Կապան››-ը փորձում է հարաբերությունները լավացնել բնապահպանության նախարարության հետ: Հունիսի 9-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է «Դանդի Փրիշս Մեթալս Կապան›› ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռիչարդ Հաուզին եւ գործադիր տնօրեն Հրաչ Ջաբրայանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը: Հյուրերը շնորհավորել են Արամայիս Գրիգորյանին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ այսուհետ ընկերության եւ նախարարության միջեւ համագործակցությունն առավել սերտ կլինի: Հրաչ Ջաբրայանը հակիրճ ներկայացրել է ընկերության գործունեությունը ՀՀ-ում եւ արտերկրում, նշել, որ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ն պատրաստակամ է իր աշխատաոճով դառնալ օրինակելի մյուս հանքարդյունահանող ընկերությունների համար՝ հույս հայտնելով, որ նորանշանակ նախարարը կընդունի փոխգործակցության նոր առաջարկը:
Արամայիս Գրիգորյանը նշել է, որ Բնապահպանության նախարարությունը պարտավոր է եւ պատրաստակամ համագործակցել ինչպես մյուս բոլոր, այնպես էլ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան›› ՓԲ ընկերության հետ` միաժամանակ ընդգծելով, որ ընկերությունն ունի բնապահպանական եւ սոցիալական հստակ պարտականություններ Սյունիքի մարզի եւ տեղի բնակչության հանդեպ եւ այդ պարտականությունների կատարման պայմաններում է միայն ինքը տեսնում սերտ եւ արդյունավետ համագործակցություն: «Այն վնասներն ու կորուստները, որոնք հասցվում են բնությանը հանքարդյունահանման ընթացքում, պետք է կարողանաք հասցնել նվազագույնի եւ փոխհատուցել` խելամիտ ռեկուլտիվացիա իրականացնելով եւ աչալուրջ լինելով պոչամբարների նկատմամբ››,-նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ Հրաչ Ջաբրայանը այնքան էլ գոհ չէր բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործելաոճից, եւ, ինչպես ինքն էր նշել դեռեւս 2013 թ-ին, բնապահպանության նախարարության՝ ընկերության հանդեպ որդեգրած կարծր քաղաքականության պատճառով անգամ դիմել է հանրապետության Նախագահին:
Արամ Հարությունյանի օրոք բնապահպանական տեսչությունը ընկերության վրա 380 միլիոն դրամի տուգանք էր դրել, ինչի հետ ընկերությունը համաձայն չի եղել: Սույն թվականի մարտ ամսին ԷկոԼուրի հետ զրույցում Հրաչ Ջաբրայանը դեպքի վերաբերյալ ասել էր. «Բնապահպանության նախարարությունը եկավ մեզ մոտ եւ երկար ժամանակ ստուգումներ անցկացրեց՝ մոտ 70 օր: Ես զգացի, որ այդտեղ մի բան այն չէ, այսինքն, երբ դու հիմնավորված ինչ-որ բանով ես եկել, դու ինձ հստակորեն ասա, ինչ ես ման գալիս: Ես արտահայտեցի իմ դժգոհությունը եւ՛ նախարարության, եւ՛ պետական եկամուտների կոմիտեի դեմ եւ խնդրեցի նախարար Արամ Հարությունյանին հանդիպել, քանի որ տեսնում եմ, որ ինչ-որ բան կա, որը ես չգիտեմ եւ ուզում եմ հասկանալ: Իմիջիայլոց, ես նոր տնօրեն եմ եւ երբեք չէի հանդիպել նախարարի հետ: Հոկտեմբերին կազմվել է ակտը, եւ տուգանքի գումարը կազմել է 380 միլիոն դրամ: Իհարկե, ես համաձայն չէի դրա հետ: Պետք է լինի հիմնավորում, թե ինչի են մեզ վրա այդքան մեծ տուգանք դրել, համապատասխան ո՞ր օրենքի: Ես հանդիպեցի նախարարի հետ եւ ասացի, որ համաձայն չեմ եւ նախարարությունն ունի խնդիր, որը պետք է լուծի: Ստեղծվեց հանձնաժողով (բնապահպանական տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանի ղեկավարությամբ): Հանձնաժողովի կազմում էին նաեւ մեր աշխատակիցները եւ իրավաբանները: Ի վերջո հստակորեն պարզվեց, որ նախարարության աշխատակիցները սխալ աշխատանք էին տարել մեր տարածքում: Իրենք, սխալ հոդվածներ օգտագործելով, ոչ ճիշտ մոտեցումներ ցուցաբերելով, տվել էին այդ գումարի եզրակացությունը: Մենք հաշվեցինք եւ եկանք այն հայտարաության, որ ընդհանուր գումարը պետք է կազմի մոտ 30 միլիոն դրամ առավելագույնը»։
Նշենք, որ այդպես էլ ո՛չ Արամ Հարությունյանի օրոք, ո՛չ էլ նրանից հետո բնապահպանության նախարարությունը չհրապարակեց տեղեկատվություն՝ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան›› ընկերության խախտումների եւ դրանց արդյունքում կայացված 30 միլիոն դրամի հասնող տուգանքի մասին:




























