Ադրբեջանի մայրաքաղաքում հունիսի 16-18-ն անցկացվող «Ռոուզ-Ռոուդ» սեմինարին ամենայն հավանականութամբ մասնակցելու են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ու «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:
«Մինչեւ ուրբաթ օրը վերջնական որոշումը կկայացվի: Ամեն դեպքում ՆԱՏՕ-ի ԽՎ քաղաքական հանձնաժողովից նամակ ենք ստացել, որտեղ Ադրբեջանի պատվիրակության քարտուղարը նշել է, որ կտրամադրվեն անվտանգության երաշխիքներ, որպեսզի հայկական կողմը մասնակցի սեմինարին»,- ասաց նա:
Կորյուն Նախահեպյանի խոսքով՝ սեմինարին քննարկվելու են Հայաստանի շահերին վերաբերող մի շարք խնդիրներ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:
«Սեմինարին քննարկվելու են Հարավային Կովկասին վերաբերող մի շարք հարցեր՝ Իրանի, Վրաստանի, Ադրբեջանին առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ Ղրիմի ճգնաժամի ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա»,- ավելացրեց նա:
Նշենք, որ Բաքու մեկնելու մասին հայկական պատվիրակությունը հայտնել էր դեռ հունիսի 9-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:





























