Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը խոստացել է հունիսի 10-ին Փարաքարի խմելու ջրի հարցը բարձրացնել Ազգային ժողովում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Փարաքարի գյուղապետ Սամվել Վարդանյանը:

«Փարաքարին խմելու ջուրը ապահովում է Երեւան Ջուր ընկերությունը: Մեկ թաղամասում ջուրը 24 ժամյա է, մյուս երկու թաղամասերում՝ 6-8 ժամ, սակայն կա մի թաղամաս, որտեղ արդեն մեկ ամիս ջուր տալիս ենք ընդամենը մեկ ժամով: Ջրամբար ունենք, որտեղ հազիվ ենք ջուր հավաքում, որ գոնե մեկ ժամով ջուր ապահովենք մի քանի փողոցներին»,- ասաց նա:

Սամվել Վարդանյանի խոսքով՝ իրենք այսօր արդեն գրավոր դիմել են Երեւան Ջուր ընկերությանը, իսկ վաղն էլ պատրաստվում են պատվիրակություն ուղարկել:

«Հենց նոր էլ Առաքել Մովսիսյանը զանգեց ու խոստացավ այս հարցը բարձրացնել Ազգային ժողովում: Տեսնենք, եթե հարցը չլուծվի, նոր բնակիչները դուրս կգան փողոց ու կպայքարեն»,- ավելացրեց նա՝ հերքելով մամուլում հրապարակված տեղեկությունը, թե փարաքարցիները պատրաստվում են փակել Երեւան-Էջմիածին ավտոճանապարհը: