Հայաստանի 2013 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 71,4 մլրդ դրամ կամ նախատեսվածի 99,8 տոկոսը (մոտ 2,6 մլրդ դոլար-խմբ): Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում հայտարարել է ֆինանսների փոխնախարար եւ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2013-ի բյուջեի կատարողականը:
«Հաշվի առնելով կառավարության լիազորությունների շրջանակներում կատարված մյուս փոփոխությունները` ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է շուրջ 41 մլրդ դրամով (4%-ով) եւ կազմել 1073.8 մլրդ դրամ, որից 1053.8 մլրդ դրամը` սեփական եկամուտների, 20.0 մլրդ դրամը` պաշտոնական դրամաշնորհների գծով: 2013 թվականի փաստացի եկամուտները կազմել են շուրջ 1071.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 125.2 մլրդ դրամով կամ 13.2%-ով, իսկ ծրագրային ցուցանիշը կատարվել է 99.8%-ով»,-ասել է նա:
Գլխավոր գանձապետի խոսքով՝ հարկային եկամուտների եւ պետական տուրքերի տարեկան ծրագիրը կատարվել է 100%-ով, այլ եկամուտները 8.2%-ով գերազանցել են ճշտված ծրագրային ցուցանիշը, իսկ պաշտոնական դրամաշնորհների կատարողականը կազմել է 66.2% կամ կանխատեսվածից պակաս է ստացվել 6.8 մլրդ դրամ:
«Պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 31.2 մլրդ դրամ կամ նախատեսվածի 98.5%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների` պետական բյուջեի եկամուտները կազմել են 1040.2 մլրդ դրամ` ապահովելով 99.8% կատարողական: Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի կատարողականը առանց արտաբյուջետային միջոցների կազմել է 100%, այլ եկամուտները ճշտված ծրագրային ցուցանիշը գերազանցել են 19.9%-ով, իսկ պաշտոնական դրամաշնորհների կատարողականը կազմել է 60.9%:
Հաշվետու տարում ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի եկամուտների հարաբերակցությունը կազմել է 25.11%, որը 1.44 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը եւ 2.35 տոկոսային կետով` կանխատեսված ցուցանիշը:
2012 թվականի համեմատ պետական բյուջեի եկամուտների 13.2%-ով աճը գերազանցապես պայմանավորված է հարկային եկամուտների 13.9%-ով կամ 119.1 մլրդ դրամ աճով: Նախորդ տարվա համեմատ աճ է արձանագրվել նաեւ մյուս եկամտատեսակների գծով, մասնավորապես` այլ եկամուտներն աճել են 16.3%-ով (8 մլրդ դրամով), պետական տուրքերը` 14.5%-ով (3.5 մլրդ դրամով): Միեւնույն ժամանակ պաշտոնական դրամաշնորհները նվազել են 28.9%-ով (5.4 մլրդ դրամով)»,-ասել է Ջանջուղազյանը:




























