Արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծանշանների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության մի քանի տասնյակ անդամները, որոնց ավտոերթն այսօր՝ հունիսի 10-ին, ընդհատվել էր ոստիկանների հետ բախումների պատճառով, կիսատ թողեցին երթը եւ Լենինգրադյան-Շինարարներ խաչմերուկից վերադարձան Բրազիլիայի հրապարակ, որտեղից սկսել էին ավտոերթը։

Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը հայտարարեց, որ իրենք պայման են դրել ոստիկանների առջեւ, որ չեն հեռանա Բրազիլիայի հրապարակից, մինչեւ իրենց բերման ենթարկված չորս ընկերներին՝ Արթուր Կրոյանին, Արտաշ Միսակյանին, Արմեն Մելիքյանին եւ Արմեն Բիլանյանին առանց նրանց նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու չվերադարձնեն իրենց մոտ։ Իրենց պայմանը չկատարելու դեպքում ավտոերթը կշարունակեն քաղաքի կենտրոնում։

Ճանապարհային ոստիկանության Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը, սակայն հայտարարեց, որ նրանց ուզածը կամայականություն է, եւ օրենքի սահմանում չի, եւ որ իրենք նման համաձայնության չեն եկել։

Նա հավաքվածներին հորդորեց ցրվել՝ վստահեցնելով, որ իրենց ընկերների հետ ամեն ինչ նորմալ կլինի։ Հիշեցնենք՝ չորս քաղաքացիները բերման էին ենթարկվել երթուղու ճանապարհը փակած ոստիկանների հետ բախումների ժամանակ։

Նշենք, որ սա նախաձեռնության երրորդ ավտոերթն Է: Նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչեւ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում և դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am