ԵՄ արտգործնախարար Քեթրին Էշտոնի առաջարկությունը՝ վերացնել ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնները Հարավային Կովկասում եւ Մոլդովայում, պայմանավորված է ոչ թե Հարավային Կովկասի հանդեպ հետաքրքրության նվազմամբ, այլ ընդամենը կազմակերպության բյուրոկրատական ապարատի օպտիմիզացմամբ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է  հայտնել «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Նրա խոսքով, Հարավային Կովկասի եւ Մոլդովայի հետ համագործակցության տարիներին ԵՄ-ն մշակել է հաղորդակցման տարբեր արդյունավետ ճանապարհներ, բացի այդ, այդ երկրներում գործում են ԵՄ ներկայացուցչություններ։ «Այնպես որ, ԵՄ հանձնակատարների իրավասությունները, որոշ առումներով, կրկնվում էին կազմակերպության տեղական գրասենյակների գործունեության հետ։ Կարծում եմ՝ Քեթրին Էշթոնի որոշումը հենց այս հարցը լուծելու նպատակն ունի»,- նշել է Սաֆարյանը։

Քեթրին Էշթոնը մայիսի 21-ին նամակով դիմել էր ԵՄ անդամ-երկրների արտգործնախարարներին, որտեղ նա առաջարկում է հրաժարվել հեռավոր տարածաշրջաններում ներկայացուցչություններ ունենալուց, միավորել Եվրահանձնաժողովի մի քանի պատվիրակություններ՝ թողնելով միայն նրանք, որոնք զգալի նշանակություն ունեն ԵՄ համար։ ԵՄ անդամ-երկրները դեռեւս պետք է քննարկեն նրա այս առաջարկները։