«Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերի» կողմից թողարկվող` վերաբաշխման ենթակա էներգիայի վերադիրը մեծացնել է պետք: Մեկնաբանությունը NEWS.am-ի թղթակցին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանն է հաղորդել: Նրա խոսքով, «Բարձրավոլտերին» սակագնային աճ է հարկավոր` գերմանական KfW բանկից եւ Համաշխարհային բանկից ստացված վարկերը վերադարձնելու համար:

«Վերը նշվածից ելնելով, վերադրի թանկացման ճանապարհով ընկերության հասույթը 2 մլրդ դրամով մեծացնելու անհրաժեշտություն կա: Հավելյալ գումարն ամբողջությամբ վարկային պարտավորությունների մարմանն է ուղղվելու: Ներկայիս վերադիրը առանց ԱԱՀ-ի 1,07 դրամ է կազմում եւ, նախնական հաշվարկներով, պետք է 0,4 դրամով ավելացվի», - նշել է Գարեգին Բաղրամյանը` հավելելով, որ Իրանի ուղղությամբ նոր`400 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման գծի շինարարության գումարը 2014թ. նոր սակագնի մեջ չի ներառվելու, քանի որ Հայաստանի տարածքում շինարարական աշխատանքները դեռեւս չեն մեկնարկել:

Համաշխարհային բանկի` 2011թ. հաստատված «Հայաստանի էլեկտրամատակարարման վստահելիություն» վարկային ծրագրի շրջանակում ստացված միջոցները` 52 մլն ԱՄՆ դոլարի չափով, Հայաստանի 220 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման գծերի ամենախոշոր` Հրազդանի ՋԷԿ-ը երկրի հարավում գտնվող Շինուհայրի ենթակայանին կապող 230 կմ երկարությամբ հատվածի վերակառուցմանն են ուղղվել:

«Բարձրավոլտ էլեկտրացանցերի» գնահատմամբ, դեռեւս առավել մեծ թվով` 520 կմ երկարությամբ գծեր (220 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման գծերի երրորդ մասը) անհապաղ վերանորոգման կարիք ունեն:

2014թ. ապրիլ ամսին կառավարությունը երեք բարձրավոլտ ենթակայանների` «Չարենցավան-3»-ի, «Վանաձոր-1»-ի եւ «Հաղթանակի» վերանորոգման համար հավելյալ ֆինանսավորում է խնդրել: