Աբխազիայի Հանրապետությունում գտնվող երկաթուղային ենթակառույցի մի մասը դեռ անհասանելի է, եւ այնտեղ գնացքների երթեւեկություն դեռ չի իրականացվում, հունիսի 10-ի մամուլի ասուլիսին հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը՝ անդրադառնալով Երեւան-Սոչի երթուղին իրականացնելու հավանականությանը:
Ըստ նրա՝ մինչեւ Սոչի երթուղիները կարելի է իրականացնել միայն գոյություն ունեցող, շահագործվող ենթակառույցով: «Աբխազիայում լուծումը քաղաքական հարթությունում է: Երբ այդ քաղաքական որոշումները կայացվեն, մենք պատրաստ ենք, որպեսզի մեր վագոններն ուղեւորվեն ցանկացած վայր՝ օգտագործելով երկաթուղային ենթակառույցները Ռուսաստանում», - նշել է Վիկտոր Ռեբեցը: Նա նաեւ հավելել է, որ Աբխազիայում 50 կմ երկաթգծեր վերականգնման կարիք ունեն: «Այդ աշխատանքներն այնտեղ դեռ չեն սկսվել: Աշխատանքի մի մասը կատարվել է, սակայն արդեն անմիջապես Վրաստանին հարակից տարածքում դեռ անհրաժեշտ է աշխատանքներ իրականացնել», - ասել է Վիկտոր Ռեբեցը:




























