Հունիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Ասորի Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչ Դիոնիսիոս արքեպիսկոպոս ժան Կավակին Անտիոքի եւ Համայն Արեւելքի Հույն Պատրիարքության ներկայացուցիչ Դեմետրիոս եպիսկոպոս Չարբակին, Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղար դոկտ. Էլիաս Էլ Հալաբին եւ ԵՀԽ-ում Միջին Արեւելքի ծրագրերի գծով պատասխանատու պրն. Միշել Նսեյրին, ովքեր Մայր Աթոռ են ժամանել հունիսի 11-12-ը Մայր Աթոռում գումարված «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» միջազգային խորհրդակցության առիթով:
Գարեգին Բ-ն, ողջունելով Քույր Եկեղեցիների եւ ԵՀԽ ներկայացուցիչներին, իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նրանց Մայր Աթոռի հրավերին ընդառաջ Հայաստան ժամանելու առիթով: Խոսելով Սիրիայում տիրող ծանր իրավիճակի եւ, մասնավորապես, քրիստոնեական համայնքների մասին` Նորին Սրբությունը կարեւոր նկատեց Քրիստոնեական Եկեղեցիների մարդասիրական համընդհանուր ջանքերի մեկտեղումն ի խնդիր Սիրիայի աստվածասեր ժողովրդի վերքերի ամոքման եւ Սիրիայում խաղաղության ու բնականոն կյանքի վերահաստատման: Այս առումով Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախաձեռնած խորհրդակցությունն եւս խաղաղասիրական ուղիներ կմատնանշի հակամարտության կարգավորման համար:
Նա անդրադարձավ նաեւ Մերձավոր Արեւելքի երկրներում եւ հատկապես Սիրիայում սպասավորող հոգեւորականների անձնազոհ ու նվիրյալ ծառայությանը եւ վստահություն հայտնեց, որ Աստծու ողորմածությամբ ամուր հավատքի եւ լավատեսության ոգու շնորհիվ ծանր ու դժվարին ժամանակները պիտի հաղթահարվեն:
Ամենայն Հայոց Հայրապետը, հյուրերին ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից Սիրիայի ժողովրդին եւ հայ համայնքին ցուցաբերված աջակցությունը, վստահեցրեց, որ Մայր Աթոռը պիտի շարունակի ըստ ամենայնի զորակցել պատերազմի արհավիրքը կրող ժողովրդին:
Զրույցի ընթացքում մասնավոր մտահոգություն արտահայտվեց նաեւ Սիրիայի քրիստոնեական համայնքների վիճակի եւ պատերազմի հետեւանքով նվազող քրիստոնեական ներկայության առնչությամբ:
Հանդիպմանը ներկա էին Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:





























