Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, մերժել է 2008թ. մարտի 1-ին զոհված ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի իրավահաջորդների բողոքը:

Աբգարյանի հարազատները դատարանից պահանջում էին վերացնել նախաքննական մարմինի անգործությունը եւ ստիպել, որ երկու տարի անց ի վերջո բացահայտվի իրենց հարազատի սպանությունը:

Զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008 թվականի մարտի 1-ին Գրիգոր Լուսավորիչ փողոցում ծառայություն իրականացնելիս պարանոցի շրջանում ստացել էր միջանցիկ հրազենային վնասվածք, տեղափոխվել հիվանդանոց եւ ապրիլի 11-ին մահացել։ Քննությունը մինչեւ հիմա չի պարզել ո՞վ եւ ի՞նչ հանգամանքներում է կատարել սպանությունը:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, նախաքննական մարմնի անգործությունը վերացնելու պահանջով բողոքի մերժման որոշման մեջ դատարանը նշել է, որ պահանջը դատական վերահսկողության ոլորտից դուրս է։ Ի դեպ, դատախազը հայտարարել էր, թե զոհվածի իրավահաջորդների բողոքն անհիմն է: Դա վրդովեցրեց զոհված զինծառայողի մորըը՝ Ռուզաննա Հարությունյանին, ով հարց ուղղեց դատախազ Հարություն Հարությունյանին. «Ի՞նչ եք արել մինչեւ հիմա, որ ես անհիմն ձեզ մեղադրում եմ: Իմ տղայի սպանողը գտնվե՞լ է, որ ես անհիմն եմ բողոքում, մինչեւ հիմա մի բարձրաստիճան հրամանատար պատասխան տվե՞լ է իմ երեխայի սպանության համար»:

Դատախազը պատասխանելու փոխարեն խորհուրդ տվեց դիմել քննչական մարմնին ու հեռացավ։