Երկաթուղու Գյումրի-Կարս հատվածի ենթակառուցվածքային պատրաստվածությունն անթերի է. այն այսօր արդեն կարող է գործարկվել: Հայտարարությունը հունիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն է հնչեցրել` անդրադառնալով Գյումրի-Կարս երկաթգծային հաղորդակցության վերականգնման հնարավորությունների հարցին:
Գլխավոր տնօրենը հիշեցրել է, որ Գյումրի-Կարս երկաթուղու շահագործումը դեռեւս 1993թ.-ին է դադարեցվել, եւ ոչ Հայաստանի, այլ` թուրքական կողմի նախաձեռնությամբ: Անդրադառնալով ենթակառույցների պատրաստվածության մակարդակի մասին հարցին, Վիկտոր Ռեբեցը նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» մի քանի տարի առաջ համալիր աշխատանքներ է իրականացրել` մինչեւ սահմանային կայարան ընկած հատվածի ենթակառույցների վերականգնման ուղղությամբ:
«Նախնական փուլում հատվածի շահագործումը կարող ենք «Ախուրյան» միջազգային լոգիստիկ կենտրոնի միջոցով շահագործել: Անցյալ, թե նախանցյալ տարի, գործարարների միության շրջանակում, այդ կազմակերպությունը որպես հարթակ է օգտագործվել` թուրք գործընկերների հետ հանդիպումների համար, եւ երբ նույնը ասեցի` «Ախուրյանի» պատրաստվածության մասին, նրանց մեջ կասկածներ առաջացան խոսքերիս հիմնավորվածության վերաբերյալ եւ խնդրեցին, որ հաջորդ օրը տեղազննում կազմակերպեմ: Ու հիասթափություն ապրեցին` տեսնելով, որ այնպես չէ, թե ցանկալին իրականության տեղ եմ ներկայացնում», - պատմել է Ռեբեցը` հավելելով, որ բոլորին համոզել է` «Ախուրյան» կայարանն իր տեխնիկական հագեցվածությամբ հենց այսօր ու հենց հիմա էլ կարող է առաջին գնացքը բաց թողնել:
Բայց, գլխավոր տնօրենի համոզմամբ, նախ պետք է դրա ցանկությունը լինի: «Իսկ ցանկության առաջացման համար, ըստ էության, քաղաքական բնույթի կոնկրետ եւ հետեւողական քայլեր պետք է նախաձեռնվեն», - ամփոփել է նա:




























