Այսօր «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲ ընկերության 100-ից ավելի աշխատակիցներ ցույցի են դուրս եկել Վանաձորում՝ պահանջելով չվճարված աշխատավարձերի եւ իրենց հետագա աշխատանքի խնդիրների լուծումը: Քիմկոմբինատի ապագան դեռեւս մշուշոտ է: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում հայտարարել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա մասնավորապես, հայտարարել է.

«Այս առընչությամբ դեռեւս նախորդ տարվա նոյեմբեր ամսին գրությամբ, իսկ այնուհետեւ խորհրդարանում բանավոր հարցով դիմել եմ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին՝ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲ ընկերության դրության եւ դրա աշխատակիցների չվճարված աշխատավարձերի խնդրով: Նախարարը հայտնել է, որ մոտ ապագայում սպասվում են ներդրումներ, որոնք հնարավորություն կտան վճարելու ընկերության աշխատակիցների աշխատավարձերը եւ որ Կառավարությունը նպատակ է դրել աջակցելու, հնարավոր օգնություն ցուցաբերելու «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲ ընկերության վերագործարկման գործում:

Այնինչ, երեկ կրկին անգամ դիմում եմ ստացել ընկերության աշխատակիցներից առ այն, որ նրանց կողմից բարձրացված հարցերն այդպես էլ լուծում չեն ստացել, ավելին՝ խնդիրը գնալով ավելի արմատական բնույթ է ստանում:

Ընկերության աշխատակիցների խոսքով՝ լուծում չստացած է մնում Վանաձորի քիմիական կոմբինատի (նաեւ ողջ համալիրի) աշխատողների ինչպես հետագա աշխատանքի, այնպես էլ կուտակված աշխատավարձերի վճարման հարցը:

Դիմողները հայտնում են, որ աշխատողների գրեթե կեսը, այսինքն մոտավորապես 250 հոգի, իսկ ՋԷԿ-ում մոտավորապես 80 հոգի 129 հաստիքային աշխատողից, այսինքն, ավելի, քան 300 հոգի, դեռեւս հունվարից գտնվում են հարկադիր պարապուրդում` 2/3 աշխատավարձով: Ընդհանուր առմամբ, աշխատակիցներն արդեն 10 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ եմ անում կառավարությանը միջոցներ ձեռնարկել հայտնաբերել ընկերության սեփականատերերին եւ բոլոր միջոցներով պարտավորեցնել, որպեսզի մարեն քաղաքացիների հանդեպ կուտակված պարատավորությունները»: