Երեւանում հակահայ գործունեությամբ հայտնի Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումը հարված է Հայաստանի անկախությանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Եթե Տարոն Մարգարյանին մնա, վաղը ինքը Երեւանում կարող է նախաձեռնել Թալեաթի, Էնվերի եւ Աթաթուրքի արձանների տեղադրումը։ Հասցրել են այն զավեշտին իրավիճակը, որ Երեւանի կենտրոնում փորձում են տեղադրել ստալինյան ժամանակաշրջանի դահճի՝ Անաստաս Միկոյանի արձանը, ինչն ինքնստինքյան ապտակ է հայոց պետականությանը, ապտակ է հայոց անկախությանը։ Այդ մարդն իր գործունեության, կյանքի ընթացքում, երբեւիցե չի պայքարել հայոց պետականության ստեղծման համար, ընդհակառակը, դեմ է դուրս եկել հայոց անկախ պետության գաղափարին»,-ասաց Արգիշտի Կիվիրյանը։
Նրա խոսքով՝ Տարոն Մարգարյանը, եւ նրանք, որոնք կողմ են արձանի տեղադրմանը, փորձում են Հայաստանում ձեւավորել այն, որ պետք է պաշտել ոչ թե անկախության համար պայքարած մարդկանց եւ տեղադրել նրանց արձանները, այլ պետք է նմանվել Միկոյանի նման դահիճների։
«Հայաստանի հասարակությունը պետք է պայքարի այդ եւ նմանատիպ անձանց արձանների դեմ։ Անկախ Հայաստանի Հանրապետությունում պետք է տեղադրել այն մարդկանց արձանները, որոնք պայքարել են հայոց անկախության համար։ Այդ մարդկանց արձանների է կարոտ այս երկիրը»,-ասաց Կիվիրյանը։
Արգիշտի Կիվիրյանը կարծում է, որ հայ քաղաքացիները չեն թույլատրի, որ արձանը կանգնեցնելուց հետո այն մնա իր տեղում։
Նշենք, որ Երեւանի ավագանու որոշմամբ՝ Միկոյանի արձանը տեղադրվելու է Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում: Հակահայ քաղաքականությամբ հայտնի խորհրդային գործչի կիսանդրին տեղադրելու մասին հանրության դժգոհության պատճառ դարձած այս որոշումը ընդունվել է ավագանու ապրիլի 30-ի նիստում, նախագծի հեղինակը Երեւանի գլխավոր ճարտարապետն է` Տիգրան Բարսեղյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























