Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են գրոհայինների դեմ պայքար մղելու նպատակով կամավորների ջոկատին միանալու ցանկություն ունեցող բնակիչներին զենք տրամադրել: Տեղեկությունը լիբանանյան Daily Star թերթն է տարածել:
Ալ-Մալիքիի խոսքով, կառավարությունը «հատուկ օպերատիվ շտաբ է ձեւավորել` կամավորների ներգրավման, ինչպես նաեւ սպառազինության եւ հանդերձանքի ապահովման գործընթացը վերահսկելու համար», հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Այսօր` մի փոքր ավելի վաղ Իրաքի իշխանությունները Մոսուլ քաղաքում արտակարգ իրադրության ռեժիմ մտցնելու մասին էին հայտարարել: «Մոսուլն այլեւս պետության վերահսկողության տակ չէ. այն գրոհայինների ձեռքն է անցել», - «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցին հայտնել է երկրի ՆԳՆ աշխատակիցներից մեկը, ով ցանկացել է անանուն մնալ:
Մոսուլը Իրաքի` ամբողջությամբ գրոհայինների վերահսկողությանն անցած երկրորդ քաղաքն է: Ընթացիկ տարվա հունվար ամսից հակակառավարական ուժերի վերահսկողության տակ է գտնվում նաեւ Էլ-Ֆալուջա քաղաքը:





























