Հայաստանի ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեղական իշխանությունները աճպարարությամբ են զբաղվել: Հայտարարությունը հունիսի 10-ին խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Վահե Էնֆիաջյանն է հնչեցրել` մեկնաբանելով հանրապետության մի շարք մարզերում ՏԻՄ ընտրությունների ընթացքը: Պատգամավորը նշել է, որ խախտումներն անգամ միջազգային կազմակերպությունների համար են նկատելի եղել:
Խորհրդարանակի համոզմամբ, այդ խախտումները մի քանի տարի անց կայանալիք համապետական ընտրությունների ազնվությունը կասկածի տակ են դնում: «Քաղաքացիները ստիպողաբար են քվեարկել, ընտրատեղամասերում կուտակումներ են եղել: Մի դեպք ուղղակի ցնցել էր բոլորիս: Տրետուք գյուղում քվեաթերթիկները հաշվելիս պարզ դարձավ, որ ընտրական հանձնաժողովը էժանագին աճպարարություն է նախաձեռնել` քվեարկության համար թանաքը ցնդող գրիչներ են տրամադրվել», - հայտարարել է Վահե Էնֆիաջյանը` իշխանություններին կոչ անելով, որ նմանատիպ լուրջ խախտումների վրա այլեւս աչք չփակեն:





























