Հայաստանի իշխանությունը եւ ընդդիմությունը, հասարակության հետ միասին, նույն նավի վրա են գտնվում: Հայտարարությունը հունիսի 10-ին խորհրդարանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն է հնչեցրել` մեկնաբանելով ոչ իշխանական ուժերի քառյակի կողմից իշխանություններին եւ նախագահին ներկայացված 12 պահանջները:

Ռուստամյանի խոսքով, քառյակը հավատում է, որ նման կերպ հնարավոր կլինի իշխանության եւ ընդդիմության միջեւ անվստահության մթնոլորտը հաղթահարել եւ քաղաքակիրթ հարաբերություններ մեկնարկել:

«Մենք պատրաստ ենք հայտարարության բոլոր կետերը մեկ առ մեկ քննարկման դնել եւ համոզված ենք, որ իրատեսական առաջարկություններ ենք արել: Մենք ամեն հնարավորն ենք ձեռնարկել, որպեսզի պարզ դառնա` իշխանությունները, ընդդիմությունն ու հասարակությունը նույն նավի մեջ են գտնվում: Եվ բնականաբար` մենք այն տատանելու ցանկություն չենք կարող ունենալ` դրանից բոլորը կտուժեն: Ու եթե իշխանությունները ցանկանում են, իրենց հայտարարությունների համաձայն, այլոց խոսքին եւս ականջալուր լինել, ապա հիմա խոսքը գործ դարձնելու հրաշալի հնարավորություն են ստացել», - հայտարարել է պատգամավորը:

Հիշեցնենք` ոչ իշխանական ուժերի քառյակն այսօր` հունիսի 10-ին 12 կետերից բաղկացած պահանջ է ներկայացրել իշխանություններին, որոնք կենսաթոշակային համակարգի «պարտադիր» բաղադրիչի վերացմանը, «Նաիրիտ» գործարանի վերագործարկմանը, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափի վերանայմանը, խորհրդարանական ընտրությունների` 100 տոկոս համամասնական համակարգի անցմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տնտեսական միասնությանը վնասող ցանկացած միջազգային ինտեգրացիոն նախագծից հրաժարմանն են վերաբերում: