Կենտրոն և Նորք-Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մայիսի 31-ին, Երևանի տնտեսագիտական համալսարանի ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության գործով  հերթական դատական նիստի ժամանակ  սպանվածի հայրը՝ Պատվական Հայրապետյանը, իր ցուցմունքում նշեց, որ իր տղայի ընկերոջ՝ Ռոբերտ Խաչատրյանի հայրը՝ Արմեն Խաչատրյանը, այսքան ժամանակ ձևացրել է, թե փորձել է օգնել իրեն գտնելու իր որդուն սպանողին։

«Դեպքից հետո նա ինձ զանգեց և ասաց, որ պատրաստակամ է ինձ օգնել։ Ես լսել էի, որ ինքը ինչ-որ մեկի թիկնապահն է և նախկինում Ազգային անվտանգության կադր է եղել։ Այդ պատճառով մտածում էի, որ տեղեկություն ստանալու համար փողոցում պատահական մարդու չի զանգի»,- դատարանին ասաց Պատվական Հայրապետյանը, որը Ֆինանսների նախարարության աշխատակից է։

Սպանված Տիգրան Հայրապետյանի հայրն ասաց, որ սկզբում շատ էր վստահում Արմեն և Ռոբերտ Խաչատրյաններին, իսկ որոշ ժամանակ անց հասկացավ, որ նրանք ձևացնում են, թե օգնում են։

«Նրանք ավելի շատ փորձում էին  ամեն ինչ իրենց  վրայից շեղել՝ ցույց տալով, թե՝ տեսեք, ինչով կարողանում, օգնում ենք։ Մի անգամ Արմեն Խաչատրայանն ասաց, որ լսել է, թե  ծեծկռտուքի մասնակիցներից  Սարգիս Սարգսյանը շատ բան գիտի, ու կփորձի գտնել նրան։ Որոշ ժամանակ անց մեր տուն եկավ ու իր հետ բերեց ձայնագրություն,  որտեղ Սարգիսի և իր խոսակցությունն էր։ Երբ ես այդ ձայնագրությունը լսեցի, իմ մոտ այն տպավարությունն էր, որ Արմեն Խաչատրյանը ոչ միայն հարցերն է տալիս, այլև ինքը դրանց պատասխանում է, իսկ երբ Սարգիս Սարգսյանը ցանկանում էր մի բան ասել, չէր թողնում »,- դատարանին պատմեց Պատվական Հայրապետյանը։

Տուժողի իրավահաջորդն իր ցուցմունքում նշեց, որ իր համար տարօրինակ էր նաև իր որդու ընկերոջ՝ Ռոբերտ Խաչատրյանի պահվածքը։

«Ապրիլին մեր տուն եկավ ՝ հետը բերելով պլանշետ, որով ցույց  տվեց ամբաստանյալ Հայկ Աղամալյանի նկարները։ Արդեն մայիսին,  երբ գաղութում  տեղի ունեցավ  առերեսում, Ռոբերտ Խաչատրյանն ասաց, որ ամբաստանյալին չի ճանաչում։ Ինձ ասում ա՝ չգիտեմ հետս ինչ եղավ, բան չէի հիշում »,- հավելեց Պատվական Հայրապետյանը։

Նա նաև ասաց, որ անգամ  Ռոբերտ Խաչատրյանի և նրա հոր հետ գնացել է դեպքի վայր, որտեղ Ռոբերտը ցույց է տվել, թե ով ինչ դիրքում և որտեղ է կանգնած եղել, իսկ դատարանում հարցաքննության ժամանակ  նա շատ բաներ չէր կարողանում հիշել։

«Այդ դեպքերից հետո ես հանդիպեցի Ռոբերտի հոր՝ Արմեն Խաչատրյանի հետ ու հարցրեցի, թե մինչև վերջ նա բոլոր հարցերում իմ հե՞տ ա, և հասկացա, որ  Արմենին վստահել ընդհանրապես պետք չէ »,-նշեց տուժողի իրավահաջորդը։

Պատվական Հայրապետյանն իր ցուցմունքի վերջում ավելացրեց, որ իր գխավոր  նպատակը իր որդու սպանողին գտնելն է և արդարությունը հաստատելը։

Սպանվածի հոր ցուցմունքից հետո մեղադրյալի պաշտպան Սեյրան Գրիգորյանը միջնորդություն ներկայացրեց  դատական նիստերը հետաձգել 15 օրով, ինչը պաշտպանական կողմին հնարավորություն կտա դատարանում ապահովել քրեական  գործի բացահայտման համար կարևոր վկաների ներկայությունը։

Դատարանը մերժեց Սեյրան Գրիգորյանի միջնորդությունը՝ հիմնավորելով, որ այժմ դատարանն ունի չուսումնասիրված  մի խումբ ապացույցներ։

 Դատական նիստի վերջում դատարանն սկսեց ուսումնասիրել գործում առկա իրեղեն ապացույցները և  փաստաթղթերը։

Նշենք, որ դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալներ Հայկ Աղամալյանը և Դավիթ Մանուկյանը պատրաստ չէին ցուցմունք տալու։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 24-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Աղամալյանը Տերյան փող. 72շ. հարեւանությամբ մի խումբ անձանց հետ վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին եւ նրան զրկել կյանքից: 17-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:.