Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգում գտնվող Ուոթերթաուն քաղաքի հանրային գրադարանում հունիսի 12-ի երեկոյան «Զաբել Եսայանին որոնելիս» խորագրով 40 րոպե տեւողությամբ փաստագրական ֆիլմ կցուցադրվի: «The Armenian Weekly» պարբերականի հաղորդմամբ, ժապավենը հայազգի ակնառու գրողի իրադարձություններով հարուստ կյանքն է նկարագրում:

«Զաբել Եսայանին որոնելիս» ֆիլմի պրեմիերան 2011թ.` Բոստոնում է կայացել: Հայ կանանց միջազգային կազմակերպության` ժապավենից ոգեշնչված անդամները Եսայանի գրքերից երկուսը` «Սիլիհդարյան այգիներ» վերտառությամբ հուշերն ու «Վտարված հոգիս» վեպն անգլերեն են թարգմանել: Վերջերս հրատարակված գրքերը մեծ հեղինակություն են ձեռք բերել ընթերցողների շրջանում: Միաժամանակ ֆիլմը եւս մեկ անգամ ցուցադրելու խնդրանքներ են ստացվել:

Գրող, ակտիվիստ եւ ֆեմինիստ Զաբել Եսայանը (1878–1943) 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի մեկնարկի հայ մտավորականության ամենաակնառու ներկայացուցիչներից մեկն է: Նրա տարբեր գրական ժանրերի` մեծ հեղինակություն վայելած  ստեղծագործությունները ժամանակաշրջանի աղետալի իրադարձություններն էին արտացոլում: Այդուհանդերձ, դրանց գոյության մասին այսօր շատ քչերն են հիշում: Փաստագրական ֆիլմը Եսայանի հիշատակի վերածննդին ուղղված առաջին քայլն է: