Պահեստազորի գնդապետ, արդեն 8 ամիս անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Ավետիս Ավետիսյանը, Մուրացանի զինվորական հոսպիտալում երեք շաբաթ բուժվելուց հետո տեղափոխվել է Նորքի Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոց։ Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանի կինը՝ տիկին Մարգարիտան։

«Էրեխուն 4 օր է, ինչ հոսպիտալից տեղափոխել են Նորքի Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոց, ասում են՝ ճիճու ունի, ստամոքսում էլ խոց են հայտնաբերել, բուժվում է, տեսնենք՝ ինչ կլինի»,-ասաց տիկին Մարգարիտան։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ին ասաց, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսել է Վոլոդյա Ավետիսյանի որդու հետ եւ հարցրել, թե ինչ կարծիք ունի ծառայությունը շարունակելումասին. «Վոլոդյայի տղան իր բերանով ասաց, որ եթե հետազոտությունները նորմալ անցնեն, ինքը կցանկանա շարունակել իր ծառայությունը նույն զորամասում»։

Անդրադառնալով Վոլոդյա Ավետիսյանի որդուն առողջական խնդիրներով բանակ զորակոչելու խնդրին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ եթե բժշկական հանձնաժողովը պիտանի է ճանաչել նրան ժամկետային ծառայության, ապա նրա հիվանդությունները համատեղելի են ծառայության հետ։

«Եթե հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի որոշակի սահմանափակումներով, ապա նա չի ազատվում ծառայությունից։ Իսկ Վոլոդյայի որդուն բանակ տանելը իբրեւ Վոլոդյայի վրա ճնշում դիտարկելը դատարկաբանություն է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանի որդուն՝ Ավետիսին, զորակոչել են հունվարի 31-ին:

Հիշեցնենք, որ Ավետիս Ավետիսյանի ընտանիքը պնդում էր, որ Ավետիսը սրտի աշխատանքի եւ վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրներ ուներ (թունավոր զոբ), եւ ի վիճակի չէ լիարժեք ծառայություն անցնել բանակում։ Ավետիսի հոր՝ Վոլոդյա Ավետիսյանի մարտընկերները հայտարարել էին, որ Ավետիսին առողջական խնդիրներով զորակոչելը քաղաքական հաշվերհարդար է Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ՝ նրա հասարակական գործունեության համար։