Մոտ հինգ հազար վրացի ուսանողներ տասնյակ ավտոբուսներով դուրս են եկել Թբիլիսիից եւ ուղեւորվել Գորի, որպեսզի մասնակցեն Հարավային Օսիայում անցյալ տարի տեղի ունեցած պատերազմին նվիրված միջոցառմանը: Այս մասին, ըստ «Ինտերֆաքս»-ի, հայտնել է «Օգոստոսի 7» ուսանողական կազմակերպության ղեկավար Գեորգի Շամատավան: Նրա խոսքով, ուսանողները Գորիում կմնան երկու օր, իսկ այցելության վերջում «կենդանի շղթա» կազմած կկանգնեն, որը պետք է խորհրդանշի Վրաստանի միասնությունը եւ բողոքը Ռուսաստանի գործողությունների նկատմամբ:
Շամավան նշել է նաեւ, որ ուսանողները մտադիր են հայտարարել, թե «վրացական երիտասարդությունը երբեք չի հաշտվի իր երկրում ռուսական „սապոգի“ ներկայությանը»: Բացի այդ, երիտասարդները ցանկանում են դիմել Վրաստանի ղեկավարությանը առաջարկելով օգոստոսի 7-ը հայտարարել միասնության օր:
Հարավային Օսիայում տեղի ունեցած պատերազմական գործողությունների տարեդարձը կնշվի օգոստոսի 8-12-ը: 2008 թվականի հենց այդ օրերին էր, որ վրացական զորքերը մտան Ցխինվալ, ապա ստիպված եղան հեռանալ, քանի որ հյուսիսից հանրապետություն մտան ռուսական զորքերը: Հետագայում ռուս-վրացական պատերազմը տեղափոխվեց Վրաստանի շրջաններ, որոնք ռմբակոծության ենթարկվեցին ռուսական ուժերի կողմից:



















