2010 թ. մայիսի 28-ից մինչ օրս Հայաստանի իշխանությունները, շարունակելով 2008 թ. իրենց գործելաոճը, հանձինս հատուկ ծառայությունների եւ ոստիկանության, ապօրինաբար խոչընդոտում են ընդդիմության ներկայացուցիչների մուտքը Երեւանի Ազատության հրապարակ: Այդ մասին ասված է իրավապաշտպան մի խումբ կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ:
«Օրենքի ակնհայտ խախտումով, ցինիզմի հասնող պատճառաբանություններով, ոտնահարվում է Հայաստանի քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը մայրաքաղաքի մի տարածքում` ըստ քաղաքական պատկանելության: Ավելին, փորձելով ստեղծել հասարակական կարգի խախտման պատրանքներ` ապօրինաբար ոստիկանության բաժանմունքներ բերման են ենթարկում օրենքի շրջանակներում գործող բողոքի ակցիայի մասնակիցներին եւ լուսաբանող լրագրողներին: Կիրառվում են ակնհայտ եւ հրապարակային բռնություններ նույնիսկ կանանց եւ անչափահասների նկատմամբ»,- նշել են հայտարարության հեղինակները:
Ըստ իրավապաշտպանների՝ նման գործելաոճի ակնհայտ դրսեւորում է Հայկական ժամանակ օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանի, ՀԱԿ-ի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի ու Սարգիս Գեւորգյանի` 2010 թ. մայիսի 31-ին ոստիկանության բաժին բերման ենթարկվելը եւ մինչ օրս ապօրինի անազատության մեջ գտնվելը:
«Այս ամենը վերստին հաստատում է Հայաստանի իշխանությունների կողմից զինվորաոստիկանական մեթոդների կիրառումը՝ ճնշելու ցանկացած այլակարծության դրսեւորում»,- ասված է հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Հելսինկյան ասոցիացիան, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը, Մենք պլյուս ՀԿ-ն:


























