Մենք հազարավոր թոշակառուների` տեղեկատվություն ստանալու` Հայաստանի կառավարության կողմից խախտված իրավունքի պաշտպանությունն անհրաժեշտություն ենք համարում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է հայտնել:
Նրա խոսքով, հազարավոր քաղաքացիներ, որոնց մեծ մասը թոշակառուներ են, կուսակցությանն են դիմել` բողոքով, որ Հայաստանի հանրային ռադիոյի Առաջին ծրագրի, այդ թվում նաեւ` ԱԺ նիստերի լարային հեռարձակումը հունիսի 1-ից դադարեցվել է: Ներկայումս խորհրդարանի նիստերը FM միջակայքի ընդամենը մեկ հաճախականությամբ եւ այն էլ` միայն Երեւանում եւ Գյումրիում են հեռարձակվում: Նաիրա Զոհրաբյանի հաղորդմամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է խորհրդարանի հունիսի 11-ի նիստին` կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում, խնդիրը տրանսպորտի նախարարի առաջ բարձրացնել: «Եթե հարցը բանավոր բարձրացնելու հնարավորություն չունենանք, ապա անձամբ եմ գրավոր տեսքով գերատեսչությանը դիմելու», - նշել է խորհրդարանականը:
Նշենք, որ պաշտոնյաները ռադիոհեռարձակման դադարեցումը համակարգն արդիականացնելու հնարավորության բացակայությամբ են պայմանավորում, այնինչ, առնվազն Երեւանում, լարային ռադիոն միշտ էլ հրաշալի աշխատանքով է աչքի ընկել: Իսկ պատերազմական պայմաններում լարային հեռարձակման ռազմավարական նշանակության մասին ոչ ոք չի հիշել:





























