Հայտնի է Երեւան-Կրասնոդար չվերթի օդանավում մահացած ուղեւորի անունը: Դեպքը կատարվել էր նախօրեի երեկոյան: Կրասնոդարում № 5325 չվերթի «Դոնավիա» ավիաընկերության օդանավի  վայրէջքից րոպեներ առաջ մահացել էր ՀՀ 28-ամյա քաղաքացի Արման Գալստյանը:

Օդանավի անձնակազմը արտակարգ ծառայություններին հայտնել էր, որ ուղեւորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Օդանավի բարեհաջող վայրէջքից հետո ժամանած բժիշկները միայն կարողացել էին հաստատել տղամարդու մահը: Նախնական տվյալով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել:

«Օդանավը Կրասնոդարի օդանավակայանում վայրէջք էր կատարել ժ. 21:25-ին: Մինչ այդ ցամաքային ծառայությունները տեղեկացվել էին, որ  ուղեւորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Օդանավի մոտ էին գնացել բժիշկները, ովքեր հաստատել էին ուղեւորի մահը», – LifeNews-ին հայտնել են «Բազել Աերո»-ի մամուլի ծառայությունից:

Կրասնոդարի օդանավակայանում տղամարդուն սպասում էին հարազատները, որոնք պատմել են, որ Արմանը լուրջ հիվանդ էր եւ Կրասնոդար էր մեկնում բուժման համար: