Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ հունիսի 9-ի կայացրած որոշումը՝ «Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված Ներսես Մելքոնյանի նկատմամբ երկամսյա կալանք սահմանելու վերաբերյալ, հիմնավորված չէ, նույնիսկ քննիչի ներկայացրած ապացույցներն ու վկաների ցուցմունքները չեն հիմնավորում առաջադրված մեղադրանքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ներսես Մելքոնյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

«Բողոքարկելու ենք առաջին ատյանի կայացրած որոշումը կալանքի վերաբերյալ, որովհետեւ նման որոշում կայացնելու հիմքերը բավարար չեն: Արձանագրել ենք մի շարք դատավարական խախտումներ, իսկ պաշտպանյալիս երաշխիքները բավարար էին, որ կալանքը խափանման միջոց չընտրեին: Նաեւ որոշակի ապացույցներ ներկայացվեցին, վկաների ցուցմունքներ էլ կային, որոնք նախաքննական գաղտնիք են եւ հրապարակել չենք կարող, սակայն մի բան հստակ է՝ դրանք չէին հիմնավորում առաջադրված մեղադրանքները»,- ասաց նա:

Մեր հարցին՝ արդյոք Ներսես Մելքոնյանը ցուցմունք տվել է կամ բողոք ներկայացրել է Գոռ Առաքելյանի դեմ՝ փաստաբանը պատասխանեց. «Ցուցմունք չի տվել, իր խոսքով՝ ինքը պատրաստ չէ: Բողոք էլ չենք ներկայացրել»:

Անդրադառնալով Ներսեսի առողջական վիճակին՝ Վարդուհի Էլբակյանը նշեց, որ անհիմն էր նաեւ նման հիվանդին կալանավորել եւ տեղափոխել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, քանի որ վերջինս դեռ նորմալ քայլել էլ չի կարողանում. «Բժիշկների հսկողության տակ է անընդհատ, ցավեր ունի, անընդհատ վիրակապում են վերքերը: Նորմալ էլ չի կարողանում քայլել, ապաքինման փուլում է, դեռեւս մի քանի ամիս իրեն պետք է վերջնական լավանալու համար»:

Հիշեցնենք, որ Ներսես Մելքոնյանը ձերբակալվել էր հունիսի 6-ին հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո: Նա կասկածվում է ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու մեջ, այն է՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Նշենք, որ ըստ նախնական վարկածի Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, որը դեռ հիվանդանոցում է, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Ենթադրվում է, որ Վալերի Հովհաննիսյանը նույնպես հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կձերբակալվի։ Նշենք, որ նա ամենածանրն էր վիրավորվել մայիսի 17-ին եւ երկարատեւ բուժման կարիք ունի։