Գիտնականները կարծում են, որ մարդիկ իզուր են կենտրոնանում քնի վրա միայն գիշերային ժամերին. դա կարող է վատ անդրադառնալ ստեղծագործական ունակությունների վրա, ընդ որում՝ գիշերային երկար քնի ավանդույթը ի հայտ է եկել միայն արդյունաբերական հեղափոխությունից հետո: 30-90 րոպե տեւող ցերեկային քունը կարող է օգնել ընկերություններին բարձրացնել աշխատակիցների արտադրողականությունը, քանի որ այն ուղեղին հնարավորություն է տալիս հանգստանալու եւ լիցքավորվելու, հաղորդում է «Աշխարհի շուրջ»-ը:

Բացի այդ հետազոտողները համոզված են, որ աշխատելու եւ արդյունք տալու անհրաժեշտությունը հստակ սահմանված ժամկետներում նույնպես խանգարում է ստեղծագործական գործունեությանը. գաղափարները պլանավորված կերպով չեն ծնվում, այլ հաճախ հայտնվում են այն ժամանակ, երբ մարդը դադարում է դրանք քամել իրենից պարտադրաբար: Ուստի, գիտնականների խոսքերով, աշխատակիցներին ամբողջ գիշերը աշխատելու հնարավորության ընձեռումը, այնուհետեւ հանգիստը ավելի արտադրողական է, քան նրանց ստիպելը բացառիկ գաղափարներ ունենալ ցերեկային ժամերին. հանգստացած վիճակում ուղեղը ձեւավորում է նոր կապեր, ինչը եւ նպաստում է նոր գաղափարների ստեղծմանը:

Ինչպես հայտնի է, քունը մարդու կարեւորագույն պահանջմունքներից է, իսկ դրա պակասը հանգեցնում է օրգանիզմի աշխատանքի բազմաթիվ խախտումների: Միջինում ամբողջությամբ վերականգնվելու համար մարդկանց անհրաժեշտ է դանդաղ ու արագ քնի 4-6 պարբերաշրջան, ինչը միջինում կազմում է 6-8 ժամ: Իմիջիայլոց, մի քանի տարի առաջ բրիտանացի գիտնականները բացահայտել էին, որ անհաջող հարաբերությունների, էներգիայի անբավարարության, կենտրոնանանալու անընդունակության եւ անքնության մեջ ուղղակի կապ գոյություն ունի: Բացի այդ, անքնությունն ու ուժեղ քնատությունը կապված են դեպրեսիայի, սրտային հիվանդությունների եւ դիմադրողականութան խնդիրիների հետ: