Երեւանի մանկական երկաթուղում հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, NEWS.am-ի կազմակերպած բարեգործական ցուցահանդես-վաճառքի ընդհանուր գումարը կազմել է 840 հազար դրամ։ Հիշեցնենք, որ այն ամբողջությամբ ծախսվելու է ԼՂՀ Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքների համար։
Հաշվի առնելով, որ այդ շրջանում անապահով ընտանիքներում բնակվող երեխաների կարիքները շատ են, NEWS.am-ը որոշել է շարունակել դրամահավաքը եւ բոլոր ցանկացողներին հնարավորություն է տալ միանալ բարեգործական ակցիային։ Մինչեւ հունիսի 30-ը ցանկացողները կարող են փոխանցում կատարել նշված հաշվեհամարին 001-253269-001.՝ թեկուզ մեկ տետրի կամ գրիչի արժեքի չափով ավելացնելով հավաքված գումարը։
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունն արդեն երկրորդ անգամ Երեւանի Մանկական երկաթուղու հարակից տարածքում «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ իրականացրել էր բարեգործական ցուցահանդես-վաճառք։ Ակցիայի շրջանակում պաղպաղակի վաճառքից ստացված ամբողջ, իսկ ձեռագործ իրերի, մանկական գրքերի վաճառքից ստացված գումարի մի մասը ուղղվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքներին։
Բարեգործական նպատակով իրականացվող ակցիային իրենց աջակցությունն են ցուցաբերել «Աշտարակ Կաթ», «Բոնիլաթ», «Մարիաննա», «Թամարա» ընկերությունները, «Անտարես» ընկերությունը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ու Մինաս Ավետիսյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցը, ձեռագործ իրեր պատրաստող բազմաթիվ մարդիկ, որոնց մի մասը սիրիահայեր էին։

































