Մինեսոտայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հանգել են այն մտքին, որ առնետները ընդունակ են ափսոսալ իրենց որոշումների համար, երբ հարցը ուտելիքի ընտրությանն է վերաբերում: Սա առաջին դեպքն է, երբ ափսոսանք զգալու ունակությունը արձանագրվել է ոչ մարդու մոտ, հաղորդում է BBC-ն:
Հետազոտողները մշակել են «Հերթ ռեստորանում» անվանումը կրող փորձարկումը, որի ընթացքում առնետները պետք է որոշում ընդունեին, թե որքան ժամանակ կարող են սպասել կերի տարբեր տեսակների: Այդ անունը գիտնականներին ոգեշնչել են ռեստորաններում իրական հերթերը. որքա՞ն է մարդ պատրաստ սպասել իր հերթին, սեղանիկ ստանալ, մինչեւ հիասթափված դուրս կգա դեպի այլ հաստատություն: Առնետները նույնպես պատրաստ են սպասել սիրելի կերակուրին, սակայն ժամանակ առ ժամանակ չէին դիմանում եւ շարունակում էին ճանապարհը, որտեղ նրանց սպասում էր ոչ այդքան սիրելի կերակուրը: Այդ դեպքերում նրանք կանգնել եւ շրջվել են դեպի հետեւում թողած կերակուրը:
Գիտնականների կարծիքով, դա ափսոսանքի վկայությունն է, այսինքն սեփական սխալի գիտակցումը: Ընդ որում, եթե առնետները ստանում էին կերակուրի «անցանկալի» տեսակներ առանց ընտրության անհրաժեշտության, նրանք իրենց այլ կերպ են պահել: Կարեւոր է ափսոսանքը հիասթափությունից տարբերակել՝ այդ առումով ընտրության հնարավորությունը ելակետային է:





























