ՀՀ Կառավարությունը խորհրդարան օրինագիծ է ներկայացրել սկսնակ  IT ընկերություններին  արտոնություններ տրամադրելու մասին: Օրինագիծը ներկայացրել է էկոնոմիկայի առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Առաջարկվող արտոնություններից են՝ զրոյական եկամտահարկը եւ 10% շահութահարկը (գործող 24,4 - 36%-ի փոխարեն): Անհատ ձեռներեցների համար զրոյական կդառնա նաեւ շահութահարկը: Ընկերությունները կարող են նաեւ տեխնիկական աջակցություն եւ դրամաշնորհներ ստանալ: Արտոնություններից կարող են օգտվել նոր ընկերությունները, որոնք ունեն 15-ից ոչ ավելի աշխատակիցներ եւ ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով: Օրենքը կգործի ժամանակավոր՝ մինչեւ 2020թ.:

Առավելություններից չեն կարող օգտվել գործող ընկերությունների արհեստական մասնատումից առաջացած սկսնակները: Թե որ ընկերությունը կարող է օգտվել առավելություններից, որոշումը կայացնելու է  5 հոգուց բաղկացած հանձնաժողովը՝ մեկ ներկայացուցիչ էկոնոմիկայի նախարարությունից, երկուսը՝ ֆինանսների նախարարությունից եւ երկուսը՝ մասնավոր հատվածից:

Մելքոնյանը նշել է, որ ըստ էկոնոմիկայի նախարարության նախնական գնահատման, նոր օրենսդրության ընդունումը հնարավորություն կտա տարեկան  350 աշխատատեղ ստեղծել: Հայաստանում IT-ոլորտում գրանցված  10 հազար աշխատող կա: