Էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավորված է, հունիսի 11-ին խորհրդարանում հայտարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ուսումնասիրելով էներգետիկ ընկերությունների հիմնավորումները, կարծում է, որ սակագնի բարձրացումն անհրաժեշտ է: « 3,85 դրամով սակագնի բարձրացումն արվում է մեկ նպատակով, որպեսզի էլեկտրակայանները եւ բաշխիչ ընկերությունները կարողանան աշխատել անխափան ռեժիմով», - հայտարարել է Զախարյանը:

Նա նշել է, որ նախարարությունն ուսումնասիրում է էներգաընկերությունների ֆինանսատնտեսական վիճակը: Դրանից հետո կուսումնասիրվի նաեւ դաշտի իրավական հատվածը՝ պարզելու ընկերությունների ծախսերի թափանցիկությունը:  «Անհրաժեշտության դեպքում մենք խորհրդարանում կներկայացնենք իրավիճակը շտկելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունները», - հավելել է նա: