Հայաստանի կառավարությունն ուշադրությամբ հետեւում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի իրականացմանը: Հայտարարությունը հունիսի 11-ին խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն է հնչեցրել: Նրա խոսքով, նախարարությունն արդեն ահազանգեր է ստացել առ այն, որ մի շարք պետական հաստատություններում աշխատակիցների նկատմամբ ճնշումներ են գործադրվում` պարտադիր կուտակային կենսաթոշակային մասհանումներից չհրաժարվելու համար: 

«Այդ ազդանշանները ստանալուն պես համապատասխան քայլեր ենք ձեռնարկում: Օրենքը բացառապես այն տեսքով է կիրառվելու, ինչպես այն խորհրդարանն է ընդունել: Կառավարությունը օրենքի` նախորդ խմբագրման տեսքով կիրառում իրականացնելու մասին ոչ մի հրահանգ չի տվել եւ չի պատրաստվում տալ: Խնդրում ենք տեղյակ պահել նման երեւույթների մասին, համապատասխան արձագանքները չեն ուշանա», - հայտարարել է նախարարը:

Հիշեցնենք` մայիսի 19 -ին մեկնարկած արտահերթ քառօրյա նստաշրջանի ընթացքում Ազգային Ժողովը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին նախագծին, համաձայն որի պարտադիր կուտակային մասհանումները ժամանակավորապես դադարեցվում են:  ՍԴ ապրիլի 2-ի որոշմամբ, կենսաթոշակային համակարգի վերջնական տարբերակը պետք է մինչեւ սեպտեմբերի 30-ը մշակվի: Կառավարությունը մտադիր է գործընթացն ավելի շուտ` մինչեւ պետական ծառայողների` հուլիսի 1-ին նախատեսված աշխատավարձերի բարձրացումը ավարտին հասցնել: