Օգոստոսի վերջին Երեւանում եւ մարզերում կանցկացվեն ստուգիչ շրջայցեր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների ասոցացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը։ Շրջայցերը իրականցվելու են հասարակական տարբեր կառույցների, Հանրային խորհրդի, մամուլի մասնակցությամբ։

Ստուգիչ շրջայցերի նպատակը, Արմեն Պողոսյանի խոսքով, կեղծումները վեր հանելն է։ Այսօր շատ են կեղծումները հատկապես ապրանքների ճիշտ կշռման հետ կապված։ Առեւտրային կշեռքները հաճախ են թերակշռում։ Թեեւ տարին մեկ անգամ կշեռքները պարտադիր կերպով պետք է չափաստուգում անցնեն,սակայն ոչ բոլորն են, որ անցնում են։ Նախատեսվում է խանութներում՝ տեսանելի վայրում, տեղադրել ստուգիչ կշեռքներ։ Պողոսյանն ասում է, որ այն խանութներում, որտեղ կան տեսախցիկներ եւ տեսագրվում է, տեսախցիկներից մեկը ուղղված կլինի ստուգիչ կշեռքի վրա։ Սա հնարավորություն կտա սպառողներին ապացուցել իրենց ճշմարտացիությունը։ Պողոսյանը խորհուրդ է տալիս սպառողներին՝ գնումներ չկատարել այն խանութներից, որտեղ զսպանակային կշեռքներ կան, եւ որոնց վրա կշռաքար կա դրված, քանի որ դա խոսում է այն մասին, որ կշեռքը ճիշտ չի ցույց տալիս գրամները։ Ստուգիչ շրջայցերը նախատեսվում է իրականացնել 2-3 ամիսը մեկ պարբերությամբ։