Ծաղկաձորում այսօր՝ հունիսի 11-ին, մեկնարկել է «Երիտասարդ Եվրասիա» խորագրով եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը։ Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը։

ԱՊՀ, Բալթյան տարածաշրջանի երկրներից եւ Վրաստանից ժամանած շուրջ 150 երիտասարդների ողջունել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշել է, որ կարեւորում է երիտասարդների ներգրավումը տարբեր ինտեգրացիոն գործընթացներում։ Նա համոզմունք է հայտնել, որ այս ձեւաչափը կնպաստի ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկմանը եւ դրանց նպատակային ու համակարգված իրականացմանը: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ երիտասարդական կառույցները կենսունակ են այսօր եւ այդպիսին կլինեն նաեւ ապագայում. «Մենք բոլորս նույն գիտամշակութային, կրթական ժառանգության կրողներն ենք, ինչը կարող է Եվրասիական ինտեգրման կարեւոր գործոն դառնալ։ Հուսով եմ, որ այս համաժողովը նույնպես կնպաստի մեր կապերի ամրապնդմանը, տեղեկատվական դաշտի ձեւավորմանն ու համագործակցության խորացմանը»։

Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը ներկայացրել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ուղերձը, որում մասնավորապես առանձնացվում էր այն փաստը, որ համաժողովն անցկացվում է Աստանայում Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումից հետո. «Մեր ժողովուրդները կոչված են համատեղ ստեղծելու տնտեսական զարգացման հզոր կենտրոն, խոշոր տարածաշրջանային շուկա, որը կհամախմբի ավելի քան 170 միլիոն մարդու։ Եվրասիական տնտեսական միությունը բաց է այլ երկրների համար նույնպես։ Այս միության անդամ պետությունների համար ստեղծվում են սեփական տնտեսությունները զարգացնելու ավելի մեծ հնարավորություններ»։ Իր ուղերձում Ս. Նարիշկինը կարեւորում էր երիտասարդների դերն ինտեգրացիոն գործընթացներում։

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ տարբեր երկրներից ժամանած երիտասարդները ոչ միայն ունեն ընդհանրություններ, այլեւ իրենց ազգային մշակույթների  կրողներն են։ «Մենք հետաքրքիր ենք միմյանց այնքանով, որքանով տարբեր ենք։ Եվ այդ պատճառով եվրասիական ինտեգրումը ոչ թե ուծացման, միաձուլման հարթակ է, այլ մի վայր, որտեղ Եվրասիական աշխարհամասում ապրող, արարող ցանկացած երկրի ժողովուրդ կարող է ստանալ ինքնաարտահայտման լրացուցիչ հնարավորություն։ Ես ուրախ եմ, որ Եվրասիական տնտեսական միությունը ձեւավորվում է որպես իրավահավասար պետությունների միավորում, չնայած այնտեղ ներկայացված երկրների քաղաքական, տնտեսական կշիռները տարբեր են։ Հուսով եմ, որ համաժողովի բոլոր մասնակիցներն իրենց հետ կտանեն ոչ միայն բարի հիշողություններ, այլեւ նոր գաղափարներ ու ծրագրեր»,- նշեց ՀՀ ԿԳ նախարարը։ 

Եվրասիական երիտասարդական հնգօրյա համաժողովի ընթացքում անցկացվում են սեմինարներ, գործնական աշխատանքներ «Россия сегодня» միջազգային ինֆորմացիոն գործակալության առաջատար լրագրողների եւ ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի փորձագետների կողմից։ Նախատեսված են հանդիպումներ ՌԴ Պետդումայի, ՀՀ ԱԺ պատգամավորների հետ։ Քննարկվելիք թեմաներն են՝ «Երիտասարդ լրագրողներ», «Երիտասարդ քաղաքական գործիչներ», «Եվրասիական անվտանգություն»։ Այս ամենին զուգահեռ ծրագրի մասնակիցներին սպասվում են նաեւ հետաքրքիր էքսկուրսիաներ։ ԱՊՀ, Մերձբալթյան տարածաշրջաններից, Վրաստանից ժամանած հյուրերը կլինեն Հայաստանի տեսարժան վայրերում, կծանոթանան Հայաստանի մշակույթի հետ, կկազմակերպվեն մարզական, մշակութային ծրագրեր («Միսս Եվրասիա-2014», ինտելեկտուալ խաղեր եւ այլն)։