Գյումրիում Արտյոմ Կարապետյանի՝ («Շեկո») սպանության գործով հունիսի 11-ի դատական նիստին որպես վկա հարցաքնվեց ամբաստանյալ Վահե Ղուկասյանի հոր՝ Անդրանիկ Ղուկասյանի ծանոթը՝ երաժիշտ Շավարշ Գյունաշյանը: Վերջինս դատարան էր ներկայացել ամբաստանյալի փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությամբ (միջնորդությունը նրա համար էր, որ դատարանին ապացուցվի, որ Վահեն որեւէ մեկին հետապնդելու միտում չի ունեցել):
Շավարշ Գյունաշյանը դատարանին պատմեց դեպքի օրը՝ 2013թ. ապրիլի 23-ին, իր եւ Վահե Ղուկասյանի հանդիպման մասին: Վկայի խոսքով, ինքը դեպքի նախորդ օրը հանդիպել է Անդրանիկ Ղուկասյանին, Վահեն նրան խնդրել էր նվագել իր հարազատների շիրիմին։
Հաջորդ օրը Վահեն ժամը 10:30-ի սահմանում զանգահարել եւ պայմանավորվել է, որպեսզի Շավարշ Գյունաշյանի ծառայության դիմաց գումար (20.000 դրամ) վճարի: Շավարշ Գյունաշյանն ասաց նաեւ, որ երբ հանդիպել է Վահեին,վերջինիս վարքագծում տարօրիանակ ոչինչ չի նկատել:
«Վահեն շատ հանգիստ էր, երբ հանդիպեցինք, գումարը վերցրեցի ու նա հարցրեց, թե ուր եմ գնում , ես էլ ասացի, որ աշխատանքի, նա էլ առաջարկեց ինձ տանել իր մեքենայով, մենք միասին իր վարած սպիտակ մեքենայով գնացինք, ինձ իջացրեց «Ռաբիսի» մոտ ու գնաց, եթե Վահեն ինչ-որ տեղ շտապեր, կառաջարկե՞ր ինձ տանել գործի, չէ, բնականաբար , նա բավականին հանգիստ էր»,-ասաց վկա Շավարշ Գյունաշյանը:
Վկային հարցաքննելուց հետո կողմերն ուսումնասիրեցին Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի մեքենայից առգրավված զենքերը՝ ինքնաձիգը, որով կրակել էր ամբաստանյալն, ու արհեստագործական եղանակով պատրաստված (ոչ գործարանային) ատրճանակը: Հիշեցնենք, որ ամբաստանյալ Վահե Ղուկասյանը նախորդ նիստերին ասել է, որ ինքնաձիգը, որից ինքը կրակել է, պատկանել է մահացած հորեղբորը՝ Արթուր Ղուկասյանին, դեպքի օրն էլ զենքը մեքենայում էր պահել ,քանի որ հենց այդ օրն էր ցանկացել Վարդբաղ թաղամասում այն թաքցնել: Վահե Ղուկասյանի մեքենայից հայտնաբերված երկու զենքերն էլ ապօրինի են:
Դատական նախորդ նիստին պետմեղադրող Արմեն Շիրոյանը միջնորդել էր դատարան հրավիրել տուժող Հարություն Խաչատրյանին՝ ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի քավորին,սակայն վերջինս չէր ներկայացել: Դատավորը որոշում կայացրեց հաջորդ նիստին՝ հունիսի 17-ին, բերման ենթարկել «Քավոր Հարութին»:
NEWS.am-ի տեղեկություններով, սակայն, դեպքի օրը ձեռքի հատվածում հրազենային վնասվածք ստացած Հարություն Խաչատրյանը մեկնել է արտերկրիր բուժման նպատակով:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2013թ. ապրիլի 23-ին։ Գյումրիի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» եւ «Շեկոն», վերջինը հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը: Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Վահե Ղուկասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ պնդում է, որ ինքնապաշտպանվել է, եւ առաջինը իր վրա են կրակել:
Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ: Վահե Ղուկասյանի եւ «Քավոր Հարութի» միջեւ հակամարտության պատմությունը գալիս է դեռեւս 2013-ից, երբ «Քավոր Հարութի» այն ժամանակ դեռ անչափահաս որդին՝ Գեւորգ Խաչատրյանը, Սլաբոտկա թաղամասում վիճաբանելով Վարդան Ղուկասյանի եղբոր ՝Գեվորգ Ղուկասյանի հետ, հարվածել էր վերիջինին՝ հասցնելով մարմնական վնասվածք: Այս դեպքից հետո հակամարտող ընտանիքների երիտասարդները հաշտության եզրեր չգտան, մինչեւ տեղի ունեցավ ողբերգություն:




































