Մատենադանի դիմացից այսօր՝ հունիսի 11-ին, երեկոյան 19։30-ի մոտ, մեկնարկեց կուտակային կենսաթոշակների պարտադիր համակարգի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության սատարման երթը, որի նպատակն է սատարել այն քաղաքացիներին, որոնք բարձրաձայնում են, որ իրենց գործատուները ճնշում են գործադրում իրենց նկատմամբ և թույլ չեն տալիս կուտակային պահումներ չկատարելու համար դիմումներ գրել:
Նման ահազանգերի մեծ մասը ստացվում են բժշկության եւ կրթության ոլորտներից, այդ պատճառով էլ այսօրվա ակցիայի պաստառների հիմնական հասցեատերերը Կրթության եւ գիտության, առողջապահության եւ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարներն են, նաեւ Երեւանի քաղաքապետը
«Աշոտյան, ֆեյսբուքից լոգաութ եղիր, մտի իրականություն», «Այդպես էլ չհասկացավ Արտեմը», «Տարոն Մարգարյան, սիրուն չի մանկավարժներին ճնշելը» գրությամբ պաստառներով ակցիայի մասնակիցներն այս պահին շարժվում են Կորյունի փողոցով։ Ցուցարարների ձեռքին կա նաեւ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի նկարը, որի վրա գրված է՝ «Բժի՞շկ, թե՞ ահաբեկիչ»։ Ակցիային մասնակցում են նաեւ ուսուցիչներ։
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ԱԺ-ն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը, որը ՀՀ նախագահի կողմից վավերացվեց մայիսի 26-ին և կգործի մինչև սեպտեմբերի 30-ը: Ըստ նոր օրենքի՝ այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում մասնակցել համակարգին, կարող են դիմումներ ներկայացնել իրենց գործատուներին՝ պահումներ չկատարելու պահանջով:
Նշենք, որ օրենքի ընդունումից հետո «Դեմ եմ» նախաձեռնությունը ահազանգեր էր ստացել, որ շատ գործատուներ աշխատակիցներին ճնշում են և թույլ չեն տալիս կուտակային պահումներ չկատարելու համար դիմումներ գրել: Ահազանգեր էին եղել մի քանի դպրոցներից, Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից, Հերացու անվան բժշկական համալսարանից, «Գրանդ Տոբակո»-ից, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից:





























