ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ս.թ. հունիսի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երեւանում Սերգեյ Լավրովին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, կկայանան Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները:
Հանդիպումներին կքննարկվեն 2013թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների, ռազմավարական գործընկերության հետագա խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը:
Հայ-ռուսական բազմաոլորտ փոխգործակցությունը վերընթաց կերպով զարգանում է՝ ներառելով նորանանոր բնագավառներ, ակտիվորեն գործում են միջկառավարական, միջխորհրդարանական հանձնաժողովները։ Ձեւավորվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհդարկցությունների արդյունավետ մեխանիզմ, ընդլայնվող փոխգործակցություն միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Բանակցությունների օրակարգում են լինելու առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, վերջին տարիներին նոր թափ ստացած ապակենտրոնացված ձեւաչափով համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։
Երեւանյան բանակցությունների ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։
Հանդիպումներին անդրադարձ կկատարվի միջազգային տարածաշրջանային օրակարգային հարցերի։





























