Մոսուլում ապրող գրեթե բոլոր հայ ընտանիքները տեղափոխվել են Իրաքի հյուսիսային շրջաններ եւ գրեթե բոլորը հուսալի ապաստան են գտել իրենց հարազատների մոտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Իրաքի հայ համայնքի ազգային կենտրոնական վարչության նախագահ Պարույր Հակոբյանը:
Անդրադառնալով հայերի իրենց տները վերադառնալու հնարավորությանը, նա նշել է, որ նման հնարավորություն իհարկե, կլինի, երբ իրավիճակը կայունանա: «Պետությունը մտադիր է համապատասխան միջոցներ ձեռնարկել, տեսնենք, թե դա ինչ արդյունքի կբերի»,-ընդգծել է Պարույր Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ամենակարեւորն այն է, որ զոհեր չկան: «Այս պահին կա տեղեկատվություն, որ Մոսուլում է մնացել մեր քաղաքական խորհրդի անդամներից մեկը, մեկ բժիշկ եւ մեկ հայ ընտանիք, որը բաղկացած է մորից եւ երկու դուստրերից: Նրանք չեն կարողացել դուրս գալ քաղաքից»,-ասել է Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Իրաքում չորսօրյա բախումների հետեւանքով սուննի իսլամիստները, «Իրաքի եւ Շամի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել են Մոսուլ քաղաքը, որի հետեւանքով տուժել են նաեւ քաղաքում ապրող հայ ընտանիքները: Մոտ 65 հայ ընտանիքներ լքել են իրենց տներն ու ունեցվածքը եւ հեռացել Մոսուլից:





























