Մինչեւ հուլիսի 1-ը Հայաստանի կառավարությունը ցանկանում է ապահովել կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի ապահովումը: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում հայտարարել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա հայտնել է, որ կառավարությունն արդեն մոտ մեկ տասնյակ ենթաօրենսդրական ակտեր է մշակում, որոնք բխում են այդ օրենքից:
«Մինչեւ հուլիսի 1-ը ժամկետը օպտիմալ է, քանի որ այդ օրվանից ուժի մեջ է մտնում պետական սեկտորում աշխատավարձերի բարձրացման մասին օրենքը, որի նպատակներից մեկը եղել է կուտակային վճարումների փոխհատուցումը: Ընդհանուր առմամբ, աշխատավարձի բարձրացման համար կառավարությունը ցանկանում է մոտ 36 մլրդ դրամ հատկացնել, որը կվերաբերի ավելի քան 200 հազար պետծառայողների»,-ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ մայիսի 19-23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում ընդունվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները, որով ժամանակավորապես կասեցվում են պարտադիր կուտակային վճարները: ՍԴ-ի ապրիլի 2-ի որոշմամբ՝ կենսաթոշակային համակարգի վերջնական տարբերակը պետք է մշակվի մինչեւ սեպտեմբերի 30-ը:




























