Շատ երեւանցիներ հիշում են մայրաքաղաքի կենտրոնում փայտաշեն նավի անակնկալ եւ էֆեկտիվ հայտնվելը: 2002թ. մայիսի 13-ի առավոտյան իրենց գործին շտապող քաղաքացիները զարմանքով նկատել էին տարօրինակ ոճի ոչ մեծ նավը, որն ասես լողում էր ժամանակի գետում՝ խարիսխ գցած Հանրապետության հրապարակում: Այսպես Հայաստանի բնակիչների կյանքում հայտնվեց «Կիլիկիա» առագաստանավը (ֆոտոռեպորտաժ):
Առագաստանավի «ծննդին» նախորդել էին «Այաս» ակումբի անդամների տքնաջան աշխատանքի, նյարդային լարվածության, հաջողությունների եւ անհաջողությունների երկար տարիներ: Այժմ առագաստանավը, կատարելով առաջադրված խնդիրն ու անցնելով Եվրոպան, լողում է Սեւանում՝ հիացնելով եկվորներին եւ տեղի բնակիչներին:
Հայկական միջնադարյան առեւտրային նավ ստեղծելու եւ դրանով նավարկության մեկնելու խենթ գաղափարը ծնվել էր 1984թ.: «Այն ժամանակ մենք չորս էնտուզիաստներով, կարելի է ասել, ծովի մասին էինք զառանցում, հետեւում էինք Թուր Հեյերդալի, Տիմ Սեւերինի բոլոր ճամփորդություններին, գիտարշավներին: Վերջինիս հետ ես անձամբ ծանոթ եմ», - պատմում է «Կիլիկիայի» նավապետ, «Այաս» ակումբի նախագահ Կարեն Բալայանը:
Զրույցը ընթանում է «Կիլիկիայի» նավակողին, կիլիկյան կաղնուց պատրաստված լեգենդար սեղանի շուրջ: «Երբ մենք կառուցում էին նավը, մեր խմբակիցներից մեկը Կիլիկիայից կաղնե տախտակներ բերեց: Դա մեզ համար այնքան խորհրդանշական էր: Երկար էինք մտածում՝ դրանցից ի՞նչ պատրաստել, եւ վերջիվերջո որոշեցինք սեղան սարքել: Մենք այդ տախտակների հետ շփվում ենք»:
«Հարցը հետեւյալն էր՝ իսկ մեզ այդքան դժվա՞ր է: Եթե սիրում ենք, ինչո՞ւ չենք անում: 1985թ. այդ նպատակով ակումբ կազմակերպվեց, եւ հաջորդ տարի ակումբը կտոնի երեսնամյակը: Ակումբի հիմնադիրները մտածում էին, որ երկու-երեք տարվա ընթացքում կարող են պատրաստվել: Սակայն անցավ 17 տարի, մինչեւ նախագիծը իրականցվեց. 6 տարի պահանջվեց արխիվներում եւ գրադարաններում հետազոտության համար, 11 տարի՝ նավի կառուցման, 2 տարի՝ Կիլիկիան Սեւանի վրա փորձարկելու, եւ եւս 3 տարի Եվրոպայի շուրջ լողալու արշավախումբը տեւեց»:
Հրամանատարը նշում է, որ «Կիլիկիայի» ստեղծման ընթացքը ծանր է եղել, բայց հաճելի: «Մենք անում էինք այն, ինչի մասին երազել էինք: հասկանալի է, որ այդ ժամանակ դեռ չունեինք նավաշինության պրակտիկ ունակությունները, թեեւ տեսությունը շատ լավ գիտեինք:
Այցելեցինք նավաշինարան, որտեղ փայտե նավեր էին հավաքում, եւ ուրախությամբ հավաստիացանք, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում»,-նշում է Կարեն բալայանը: Ընթացքում լրացուցիչ հետաքրքիր մանրամասներ են պարզվել: Բաթումիում տեղի հույն նավաշինարարի խոսքով՝ նախկինում նավեր պատրաստել են միայն հույները եւ հայերը:
Այժմ ակումբի անդամների համար կարեւորագույն խնդիրներից է թանգարանի կառուցումը: Սակայն ամեն ինչ այդքան սահուն չի ընթանում, ինչպես կցանկանայինք: Եվրոպայի շուրջ «Կիլիկիայի» լողալու ընթացքում քաղաքական օգնություն էր ցուցաբերվել: Սակայն այդքանով հայ նավաստիների նախագծի աջակցությունն ավարտվեց: Հարցը հատկապես արդիական է հիմա՝ ծով դուրս գալու հնարավորության բացակայության պայմաններում: Արշավախմբից հետո, մենք 5 տարի դռներ ենք թակել նավի վերականգման համար միջոցներ հայթայթելու նպատակով: «Կիլիկիային» օգնելու համար մենք հրավիրել էին մեր ընկեր Անդրեյ Մակարեւիչին: Դա նույնպես չօգնեց: Արդյունքում որոշեցինք վարվել ժողովրդական իմաստության համաձայն՝ եթե ցանկանում ես ինչ-որ բան լավ արվի, ապա արա ինքդ: Մենք տոկոսով փոխառություն վերցրինք եւ վերականգնեցինք նավը: Համապատասխանաբար, այդ բեռը ընկավ մեր ուսերին:
Սակայն դա ավելի լավ է, քան աչքիդ առաջ տեսնել նավի խարխլումը:
Ակումբի 29 տարվա գոյության ընթացքում հսկայական տեղեկատվություն եւ նյութեր են հավաքվել, կառուցվել են «Կիլիկիա»-ն եւ Սեւանի երկու նավակները, բայց թանգարանի ստեղծումը դանդաղում է: «Տեղը կա, բայց դրա համար պետք է հսկայական գումար վճարել: Օրենսդրության համաձայն՝ անկախ նրանից, ինչ նպատակով պետք է օգտագործվի տարածքը՝ խաղատուն թե մշակույթի օբյեկտ, անհրաժեշտ է վճարել կադաստրային արժեքը: Դա մեզ համար ծանր բեռ է»: «Այաս» ակումբը պատրաստ է թանգարանի կառուցումն իրականացնել իր ուժերով: «Մենք պատրաստ ենք ինքներս կառուցել թանգարանը: Կան կազմակերպություններ, որոնք պատրաստ են օգնել մեզ: Խնդիրը հողատարածքն է: Քանի դեռ մենք փաստաթուղթ չունենք, որ հողատարածքը մերն է, ոչ ոք մեզ չի օգնի, որովհետեւ անհայտ է, թե ինչով այդ ամենը կավարտվի: Ստացվում է փակ շրջան, որից արդեն երկու տարի է, չենք կարողանում դուրս գալ»:
Ակումբի անդամները չեն դժգոհում եւ ապագայի պլաններ են կազմում: Այդ թվում՝ քննարկում են «Կորսված նավերի հետքերով» պայմանական անվանմամբ նախագիծը: «Մեզ հայտնի է 17-18-րդ դարերում հայկական նավերի խորտակման 15-ից ավելի վայրեր: Այդ նավերը հիմնականում պատկանել են Հնդկաստանի հայկական գաղութին. այսինքն առեւտրականների՞ն: Մենք գիտակցում ենք, որ այս անգամ մեր բախտը չի բերի այնպես, ինչպես բերեց «Quedagh Merchant»-ի հետ: Հնդկահայերին՝ խոջա Հակոբին եւ խոջա Հովհաննեսին պատկանող, հայտնի անգլիացի ծովահեն Ուիլյամ Քիդի կողմից զավթած 400 տոննա տարողությամբ նավը 1966թ. այրվել եւ խորտակվել է ներկայիս Դոմինիկյան Հանրապետությունում գտնվող Կատալինա կղզու մոտակայքում: Նավը գտնելը մեծ հաջողություն կլինի: Սակայն հենց դրա ընթացքը այնքան հետաքրքիր է, որ մենք կարող ենք ֆիլմ նկարել այդ մասին, շատ արեւադարձային վայրեր ցույց տալ, որտեղ մի ժամանակ ապրել են հայերը»: Արշավախումբը լինելու է միջազգային, այն երկրի փորձագետների մասնակցությամբ, որի տարածքային ջրերում անցկացվելու է հետազոտությունը: «Այասը» պատրաստ է համագործակցել բոլոր պետությունների հետ, որոնք հետաքրքրված կլինեն արշավախմբով: Սակայն այժմ ժամկետների մասին խոսելը դեռեւս վաղ է: Պատճառը ֆինանսավորման բացակայությունն է, առանց որի թիմը պլաններ չի ցանկանում կազմել»:
Ապագա արշավախմբի գլխավոր հերոսուհին «Կիլիկիան» չի լինելու: Առաջին հերթին, նախագծերի նպատակները տարբեր են: «Կիլիկիայի» լողալու ժամանակ մենք ցանկանում էինք ցույց տալ, որ մանրանկարների մեջ պատկերված նավերը իրականում գոյություն ունեն: Մենք անցնում էինք առեւտրային ճանապարհներով, որոնք Կիլիկյան Հայաստանը միացնում էին արտաքին աշխարհի հետ: Հաջորդ արշավախմբի նպատակները կորսված նավերի որոնումն է, եւ շատ մեծ շեշտ կդրվի սուզման վրա: Համապատասխանաբար, անհրաժեշտ նավ է պետք, քանի որ «Կիլիկիայի» հետ սուզումն իրականացնելը բարդ կլինի՝ նավակողերը բարձր են: Բացի այդ, եթե մենք պատրաստվում ենք մեզ հետ վերցնել գիտնականների եւ հետաքրքրված անձանց, ապա ավելի մեծ նավ է պետք արշավախմբի բոլոր մասնակիցներին տեղավորելու համար»:
«Կիլիկիա»-ի հնարավորությունները Կարեն Բալայանը բոլորովին սպառված չի համարում: «Հիմա այս նախագիծն աշխատում է ի օգուտ Հայաստանի, սա լավ PRբոսաշրջիկները, որոնք առիթ են ունենում բարձրանալ «Կիլիկիա» նավ, նույնիսկ չիմանալով պատմությունը, մեկ ժամ զբոսանքից հետո չեն ուզում հեռանալ, որովհետեւ զգում են, թե սա ինչ նավ է, ինչ է նշանակում այն մեզ եւ Հայաստանի համար: Ու չեն հավատում, որ նավը շրջել է ողջ Եվրոպայով, անցեմ 15 հազար ծովային մղոն (28 հազար կմ), եղել 25 երկրների 63 նավահանգիստներում»,-արձանագրել է հրամանատարը:
Մի քանի խոսք այն մասին, որ «Կիլիկիա» նավի գրանցման վայրը Երեւանն է: «Այս աթիվ հետաքրքիր պատմություն տեղի ունեցավ Կարիբներում: Նավը կոչվում էր «Անահիտ», որի նավակողին երեւում էր «գրանցման նավահանգիստը՝ Երեւան» գրությունը: Կանգնած ենք կղզիներից մեկում, շքեղ մոտորանավակների կողքին, հանկած դիմացից գալիս են երկու ռուսալեզու դայվերներ ու նրանցից մեկը տեսնելով գրությունը, զարմացած բացականչեց. «Ինչպե՞ս թե Երեւան»: Նրանք ապշել էին»:
«Կիլիկիա» նավի վրա կանանց ներկայությանը վերաբերում են առանց նախապաշարմունքների: Այստեղ բացատրում են, թե ինչո՞ւ էին նախկինում կանանց ներկայությունը նավի վրա անցանկալի համարում: «Յուրաքանչյուր համոզմունք իր հիմքն ունի: Կարծում եմ, մենք գտել ենք տրամաբանական բացատրություն: «Դա մեր վարկածն է, սակայն մեր կարծիքով, այն առավել հիմնավորված է: Հասկանալի է, որ երկսեռ անձնակազմի բաղադրիչը, ընդ որում հստակ անհավասար հարաբերակցությամբ, իր հետքն է թողնում: Սակայն հիմնական խնդիրը դա չէ: Երբ մենք սկսեցինք փորձել նավը Սեւանի վրա, բնականաբար, շատ ցանկացողներ կային զբոսնելու: Ջրի վրա 1-2 ժամ մնալուց հետո սովորաբար կանայք հայտարարում էին, որ վերադառնալու ժամանակն է: Այսինքն կանանց ավելի շատ կենցաղային հարմարավետություն է անհրաժեշտ: Չէ՞ որ ժամանակակից նավերում այդ համոզմունքն այլեւս չի գործում»:
«Այաս» ակումբում բացի առագաստային սպորտի դպրոցից կա նաեւ դայվինգի դպրոց, ինչը Սեւանա լճի ուսումնասիրման տեսանկյունից շատ կարեւոր է: «Լիճը մեծ է, բայց քիչ բան է ուսումնասիրված: Խորհրդային շրջանում ինչ-որ ուսումնասիրություններ կատարվել են, բայց դա վաղուց էր եւ ոչ ամբողջական: Հիմա անդ հետազոտությունների կրկնության եզակի դեպքեր կան, բայց Սեւոնի համար դա քիչ է: Մեր կատարած աշխատանքի արդյունքները շատ հետաքրքիր են, մենք համագործակցում ենք Գիտությունների ակադեմիայի հետ, մի քնաի անգամ մասնակցել ենք համատեղ արշավների: Սեւանը հետազոտելն անհրաժեշտություն է, հատկապես ջրի մակարդակի շուրջ բանավեճի լույսի ներքո: Ես կարծում եմ, որ պետք է բարձրացնել լճի մակարդակը: Երկու տարի առաջ ջրի թափանցիկությունը կտրուկ բարձրացել էր՝ հարավում են միջին մասում հասնելով մինչեւ 15 մետրի: Ամենաաղտոտված հյուսիսային մասում այդ ցուցանիշը 8-10 մետր է: Ջրի նման թափանցիկությունը Սեւանի համար չտեսնված երեւույթ է: Սեւանը ցույց տվեց, որ միացրել է իր ինքնամաքրման համակարգը, բայց հետո տարբեր պատճառներով ջրի մակարդակն այլեւս չեն բարձրացնում, ընդ որում տարբեր, այդ թվում անհեթեթ պատճառաբանություններով, իսկ գիտնականներին, չգիտես ինչու, չեն լսում»:
Ակումբի անդամներին միավորում է սերը ծովի եւ արկածների նկատմամբ: Ոմանց ճակատագիրը վաղուց է կապել ակումբին, հիմնադրման օրից, ոմանք թիմին են միացել վերջերս: Թիմի անդամ Արմեն Սայաթչյանը նշել է. «Ցանկությունը վաղուց կար, ակումբի հիմնադրման օրից, բայց հնարավորություն չկար: Երազանքը հնարավոր եղավ իրագործել միայն մի քանի տարի առաջ: Լավ եղանակին դժվար չէ կառավարել ղեկը: Վատ եղանակին, իհարկե, դժվար է նույնիսկ երկու հոգով, եթե քամին ուժեղ է եւ բարձր ալիքներ են»:
«Հրամանատարի հետ ծանոթ եմ ավելի քան 30 տարի: Կարեն Բալայանի երազանքն էր կառուցել այս նավը, իսկ մեծ գաղափարները վարակիչ են: Ջանում եմ աջակցել, որքան կարողանում եմ, թեեւ ճիշտ չի լինի պնդել, որ օգնությունը շատ մեծ էր»,-համեստորեն նշում է Սահակ Խանգելդյանը: Ատաղձագործ Գրիգորի Մինասյանն աշխատանքից ազատ ժամանակ նավերի մանրակերտեր է պատրաստում: «Կիլիկիա»-ի Սեւանի թիմի կազմում են նաեւ Կորյուն Ավագյանն ու Սուրեն Մինասյանը:
Վերջում հրամանատարը իրենց հետ պատահած մի զվարճալի պատմություն է պատմում: Երբ ավարտվել է «Կիրլիկիա» նավի շինարարությունը, իսկ այն կառուցվել է Մասիսում, անհրաժեշտություն է առաջացել նավը հասցնել Սեւան: Առավել հարմար ճանապարհն անցնում էր Երեւանով, հատկապես, որ նախատեսվում էր նավը մի քանի օր թողնել կենտրոնական հրապարակում:
«Տեղափոխումը նշանակել են գիշերը: Մեր խնդրանքով անջատել են էլեկտրականությունը, որպեսզի նվազագույնի հասցվեն վնասները, եթե պատահաբար վնասվեն էլեկտրահաղորդման գծերը: Եվ ահա գիշերը ժամը 3-ին մենք մտանք քաղաք: Շարասյունը դանդաղ առաջ էր շարժվում, մենք ոտքով քայլում էինք կողքով: Հանկարծ անկյունից մի «Ժիգուլի. Է դուրս գալիս: Կանգնում է, որ նավն անցնի: Երիտասարդ վարորդը դուրս եկավ ու ասաց. «Տղերք, ձկնորսության եք գնո՞ւմ»:



Մարիամ Լեւինա



























