Սինգապուրում հունիսի առաջին շաբաթվա ընթացքում մահաբեր դենգե տենդով վարակվածների թիվը հասել է 461-ի, ինչը վերջին ամիսների համար ռեկորդային ցուցանիշ է, հայտնում է Straits Times թերթը:
Երկրի առողջապահության նախարարության տվյալով՝ դենգեով վարակվածների ընդհանուր թիվն ընթացիկ տարում գերազանցել է 7,1 հազարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախորդ տարի քաղաք-պետությունը իր ողջ պատմության մեջ դենգե տենդի ամենավտանգավոր համաճարակն էր ապրել. 22,3 հազար մարդ էր վարակվել, ութ հոգու դեպքում արձանագրվել էր մահացու ելք:
Դենգե տենդի տարածողները Aedes Aegypti մոծակներն են, որոնք բազմանում են մաքուր, լճացած ջրերում: Հիվանդության նախանշաններից են բարձր ջերմությունը, հոդերի եւ մկանների ահավոր ցավերը, հաճախ՝ ներքին արյունահոսությունը:





























