Թբիլիսիի կենդանաբանական այգում հունիսի 12-ին հանդիսավոր ընդունելություն է սպասվում` Երեւանից Հրանտ փիղն է ժամանելու: Նրան սրտատրոփ հարսնացուն` Մալկան է սպասում: Այս տեղեկությունը տեղադրվել է կենդանաբանական այգու Faceboook-ի էջում:
«Մեր աղջիկը սպասումների մեջ է: Կատակ բան չէ` շուտով փեսացուն է ժամանելու: Եվ այն էլ ինչ փեսացու` ամբողջ վեց տոննա է կշռում: Ինչպես յուրաքանչյուր հարսնացու, Մալկան եւ հարսանիքից առաջ ողջ ժամանակը հարդարանքին է նվիրել. նրան մանիկյուր եւ պեդիկյուր են անում: Այնպես որ, հիմնովին ենք պատրաստվում», - Georgia Online-ի վկայակոչմամբ, գրում են կենդանաբանական այգու` սպասվող իրադարձությամբ ոգեւորված աշխատակիցները:
Փեսացուն, Թբիլիսիի եւ Երեւանի կենդանաբանական այգիների պատվիրակության ուղեկցությամբ, հատուկ թրեյլերով է իր նոր բնակության վայր տեղափոխվում:
«Հրանտը Թբիլիսիում կմնա. նրա փոխարեն փոքրիկ փղիկ կուղարկենք Երեւան», - գրում է կենդանաբանական այգու մամուլի քարտուղար Մզիա Շարաշիձեն:
Փեսացուի ժամանման օրը կենդանաբանական այգու դռները փակ են լինելու այցելուների առաջ, քանի որ, մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, Հրանտին ոչ միայն հարսնացուն, այլ նաեւ` բժիշկներ են սպասում: Արդեն ութ տարի է` նա ժանիքների հիվանդությամբ է տառապում եւ Թբիլիսում պետք է վիրահատության ենթարկվի:





























